Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ այդ մասին չեխական կողմը պաշտոնապես տեղեկացրել է հայկական կողմին։

«ՀՀ գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների և ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է»,–ասաց նա։

Նշենք, որ Չեխիայի օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնի Չեխիայի արդարադատության նախարարը։

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում անցած տարվա դեկտեմբերին: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով:

2018 թվականի դեկտեմբերի 28-ին Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին հարցումն ուղարկվել էր Պրահա:

37-ամյա Նարեկ Սարգսյանը  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր  Սարգսյանի որդին է: Նա 2018 թվականի ամառվանից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Նարեկ Սարգսյանը մեղադրվում է զենքի անօրինական պահման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: