Հայաստանը եւ Վրաստանը կարեւորում են երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ակտիվացումը: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին նշվել է Երեւանում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիի հանդիպման ժամանակ:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանն իր խոսքում նշել է. «Կարծում եմ` դա բխում է մեր ժողովուրդների շահերից, քանի որ տնտեսական տարածության եւ գործունեության դաշտի ընդլայնումը տնտեսվարող սուբյեկտների համար ավելացնում է երկու երկրների տնտեսական աճի ներուժը»: Այդ համատեքստում նա խոսել է հաղորդակցության արդյունավետ կազմակերպման կարեւորությունից` մասնավորապես, անդրադառնալով ճանապարհաշինության, տրանսպորտային բեռնափոխադրումների եւ մաքսային ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Ռամազ Նիկոլաիշվիլին ներկայացրել է ճանապարհաշինության ոլորտում Վրաստանի փորձը` մասնավորապես, խոսելով ճանապարհների անվտանգության ապահովման, սպասարկման, պահպանման եւ մրցույթների անցկացման մասին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ճանապարհաշինության ոլորտում Վրաստանի փորձն օգտակար կլինի Հայաստանի համար:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող, այդ թվում` ճանապարհաշինության ծրագրերի նախագծեր: Երկուստեք ընդգծվել է այդ ոլորտում տեղեկատվության եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Արծարծվել են նաեւ Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին վարչապետ Սարգսյանն իր ողջույններն է փոխանցել Վրաստանի վարչապետին:





























