Ռուսաստանում ՀՀ դեսպան Օ.Եսայանն այսօր՝ մարտի 18-ին այցելել էՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատուն եւ Հայաստանի անունից  ցավակցություն հայտնելով աղետալի դեպքերի կապակցությամբ, Ճապոնիայի դեսպան Մասախարու Կոնոյին է հանձնել ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի ցավակցական նամակները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր խոսքում դեսպանը, հիշատակելով 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժը, նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը լավ գիտեն աղետալի երկրաշարժի արհավիրքն ու կարեկցում են Ճապոնիայի ժողովրդին:

Նա նաեւ նշել է, որ  Հայաստանը Արտակարգ իրավիճակների նախարարության 23 հոգուց բաղկացած փորձառու փրկարարական ջոկատի օգնությամբ հայտնում է իր պատրաստակամությունը աղետի գոտում մասնակցելու փրկարարական աշխատանքներին եւ սպասում է ճապոնական կողմի համաձայնությանը:

Ճապոնիայի դեսպան Մասախարու Կոնոն իր հերթին շնորհակալություն հայտնեց Օ.Եսայանին՝ նման դժվարին իրավիճակում բարեկամ Ճապոնիային սատարելու եւ գոտեպնդելու համար: Ըստ նրա՝ Ճապոնիան ցնցված է աղետի հասցրած հետեւանքներից, քանի որ ստեղծված իրավիճակն առաջինն է Երկրորդ աշխարհամարտից հետո:

Ես մեկ անգամ ընգծելով բարեկամ Հայաստանի պատրաստակամության կարեւորությունը Ճապոնիային աջակցելու հարցում դեսպան Մասախարու Կոնոն կարեւորել է ՀՀ եւ Ճապոնիայի միջեւ ձեւավորված հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հույս հայտնեց, որ աղետը հաղթահարելուց հետո Ճապոնիայի ղեկավարությունը մեծ ցանկությամբ կհյուրընկալի ՀՀ նախագահին:

Հանդիպման ավարտից հետո դեսպան Օ.Եսայանը ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատան ցավակցությունների մատյանում թողեց իր ցավակցական գրառումը:

Ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով մի քանի հազարից ավելի զոհեր կան, անհետ կորածների թիվը գերազանցում է տասնյակ հազարները, իսկ 500 հազար մարդ փախստականի կարգավիճակում է հայտնվել: