ՀՀԿ-ն դեռեւս չի նախապատրաստվում գալիք համապետական ընտրություններին եւ զբաղված է երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելով:

«Դեռեւս շուտ է կոնկրետ քայլեր ձեռնակելու եւ նախապատրաստական աշխատանքներ կատարելու համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ  Մինասյանը:

Պատգամավորը նաեւ կանխատեսումներ արեց հաջորդ խորհրդարանի կազմի վերաբերյալ: Ըստ այդմ`  գալիք խորհրդարանում, բացի իշխող կոալիցիայի անդամ կուսակցություններից, կլինի  նաեւ Հայ ազգային կոնգրեսը: «Ես միշտ ասել եմ, ՀԱԿ-ը չի կարող չլինել խորհրդարանում, քանի որ որոշակի ընտրազանգված այդ շարժման հետեւից է գնում: Այն, որ նրանք 5 տոկոսը կհաղթահարեն, դրանում կասկած չունեմ: Այլ հարց է, որ տարբեր մարդիկ տարբեր տոկոսներ կարող են ներկայացնել` 10, 15, 30 տոկոս»,-նկատեց Մինասյանը:

Նրա խոսքով` 5 տոկոսի շեմը կհաղթահարի նաեւ ՀՅԴ-ն, իսկ ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա, ՀՀԿ-ական պատգամավորը դժվարացավ որեւէ կանխատեսում անել: «Ժառանգությունը» ինչ-որ ընտրազանգված ունի, բայց արդյոք նա կկարողանա՞ 5 տոկոսի շեմը հաղթահարել,  դժվարանում եմ ասել»,-հայտարարեց Մինասյանը:

Ինչ վերաբերում է նոր քաղաքական ուժի ձեւավորմանը, ապա, բանախոսի կարծիքով, ներկա պարագայում դժվար թե նման ուժ ի հայտ գա եւ իր հետեւից ընտրազանգված տանի: «Նման ուժի ասպարեզ գալը, սակայն, որոշակի աշխուժություն կմտցնի քաղաքական դաշտում, սակայն ես այժմ նման նախադրյալներ չեմ տեսնում»,-նկատեց ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը: