Թերթը գրում է, որ European Circle օնլայն հանդեսում «Որտե՞ղ է Եվրոպան» խորագրի տակ «Թռիչքներ արգելող գոտի Կովկասո՞ւմ» վերնագրով կարծիք է արտահայտել Բեռլինի Եվրոպական ակադեմիայի նախագահ պրոֆ. Էկարտ Դ. Շտրատենշուլթեն :
«Հասկանալի է, ողջ աշխարհը հայացքը հառել է Ճապոնիային եւ Լիբիային: Մյուս հաղորդագրությունները հազիվ թե միջազգային ուշադրության են արժանանում», գրում է քաղաքագետն ու որպես օրինակ մատնանշում «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» 2011-ի մարտի 17-ի հրապարակումը` Ադրբեջանի կառավարությունը սպառնում է գնդակոծել այն օդանավերը, որ Ստեփանակերտի վերակառուցված օդանավակայանից են երկինք բարձրանալու:
«Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է, որի կարգավիճակն ու ապագան վիճարկվում են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Հիմա միջազգային հանրությունը կարող է կովկասյան այդ բառային ահազանգին վերջ տալ: Անշուշտ, ավելի լավ կլիներ, որ նրանք նախապես թեմայով զբաղվեին, քան ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դա պիտի անի: Այստեղ Եվրոպական միության դերն առանձնահատուկ պահանջված է, քանի որ հակամարտության կողմերը կապված են Արեւելյան գործընկերության եւ Սեւծովյան համագործակցության միջոցով: Լավ կլինի, որ նախքան պայթյունը տիկին Էշթոնն արթնանա»,- գրում է Բեռլինի Եվրոպական ակադեմիայի ղեկավարը:




























