Դմիտրի Մեդվեդեւն ու Վլադիմիր Պուտինը տրամագծորեն հակառակ տեսակետներ են հայտնել ՄԱԿ-ի բանաձեւի մասին, որով թույլատրվում է ռազմական օեպրացիա Մուամար Քադաֆիի ռեժիմի նկատմամբ:

Պուտինը բանաձեւը համեմատել է «խաչակրաց արշավանքի» հետ: Մեդվեդեւը հակադարձել է` նրա ձեւակերպումը համարելով անընդունելի:  Փորձագետները նկատում են, որ առաջին անգամ է տանդեմը հրապարակայնորեն տարաձայնություն հայտնում սկզբունքային հարցի շուրջ, գրում է Gazeta.ru-ն:

Մեդվեդեւը երկուշաբթի Պուտինին հերթական անգամ կոչ է արել ավելի զգույշ լինել քաղաքական գնահատականներում: Մարտի 21-ին Պուտինը քննադատության էր ենթարկել ՄԱԿ-ի ԱԽ վերոնշյալ բանաձեւը: Նա փաստաթուղթը համարել էր «ոչ լիարժեք » եւ «թերի»: «Այն թույլ է տալիս ամեն ինչ եւ հիշեցնում է խաչակրաց արշավանքի միջնադարյան կոչ: Փաստորեն` այն թույլ է տալիս ռազմական ներխուժում ինքնիշխան պետության նկատմամբ»,-հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի ուշ, սպառազինման հանձնաժողովի նիստի ժամանակ Պուտինը վերադարձել է Լիբիայում ռազմական օպերացիայի թեմային`«Ռուսաստանի պաշտպանունակության ամրապնդման» անհրաժեշտությունը պայմանավորելով «միջազգային գործերում ուժի կիրառման վերաբերյալ որոշումների չափազանց հեշտ ընդունմամբ»:

Դրանից երեք ժամ անց Լիբիայի իրավիճակի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նախագահ Մեդվեդեւը: Նա լրագրողների հետ հանդիպման է դուրս եկել սեւ կաշվե բաճկոնով, որին եղել է «Գերագույն գլխավոր հրամանատար» գործվածք:  Նա « անթույլատրելի է համարել այնպիսի արտահայտությունները, որոնք, ըստ էության, կարող են քաղաքակրթությունների բախման հանգեցնել»: Մեդվեդեւը հստակեցրել է, որ այդպիսին է  «խաչակրաց արշավանք» արտահայտությունը: «Դա անթույլատրելի է: Հակառակ դեպքում  ամեն ինչ կարող է ավելի վատ ավարտվել, քան տեղի է ունենում այսօր,-զգուշացրել է  նա: Կարծում եմ` բոլորը պետք է առավելագույն զգույշ լինեն իրենց գնահատականներում»: