Մոսկվայում մարտի 22-ին կայացել է «Գործարար Միջավայրը Հայաստանում» խորագրով սեմինարը, որին աջակցել են Հայաստանի ԱԳՆ-ն, ճապոնական արտաքին առեւտրի աջակցության կազմակերպությունը (JETRO) եւ հայկական զարգացման գործակալությունը (ADA):

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեմինարի ընթացքում ընթերցվել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը, որում նա իր ցավակցությունն է հայտնել ճապոնական ժողովրդին բնական աղետների ողբերգական հետեւանքների կապակցությամբ: Իր ուղերձում Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է սեմինարի կարեւորությունը հայ-ճապոնական առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման գործում, ինչին կաջակցի անցյալ տարի Ճապոնիայում բացված ՀՀ դեսպանությունը:

Սեմինարի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տնտեսական կյանքի առանձնահատկությունները, ինչպես նաեւ պատասխաներ տրվել ճապոնական ընկերությունների ներկայացուցիչների հարցերին:

Սեմինարին մասնակցել են ՌԴ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, ինչպես նաեւ ADA-ի ներդրումների հարցերով տնօրեն Նատալիա Արծրունին եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» ֆոնդի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: