Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ մարտի 23-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան տիկին Դիանա Յանսեն (նստավայրը՝ Թբիլիսի):
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը ողջունում է մեր տարածաշրջանում դեսպանատուն հիմնելու շվեդական կառավարության որոշումը` հույս ունենալով, որ տեսանելի ապագայում Հայաստանում եւս կհիմնվի դեսպանատուն: Նրա խոսքով, դա լավ ազդակ կլինի երկկողմ հարաբերությունների խորացման եւ համագործակցության զարգացման համար:
Շվեդիայի նորանշանակ դեսպանը նշել է, որ չնայած այժմ դեսպանատունը գտնվում է Թբիլիսիում, սակայն հույս ունի հաճախ այցելել Հայաստան:
«Շվեդիան այս տարածաշրջանում մեծ հետաքրքրություն ունի: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ամուր եւ բարեկեցիկ երկիր` սերտ հարաբերություններ ունենալով Եվրամիության եւ բարիդրացիական հարաբերություններ` իր հարեւանների հետ: Մենք ցանկանում ենք աջակցել ձեզ այդ գործընթացում»,-ասել է դեսպան Դիանա Յանսեն:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵՄ-ի հետ մեր երկրի համագործակցությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Դեսպանի խնդրանքով նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Շվեդիային` Հայոց ցեղասպանության ճանաչման համար` ընդգծելով, որ հայ ժողովուրդը երախտապարտ է այն բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ովքեր այդ ճանաչումով ոչ միայն հարգում են ցեղասպանության զոհերի հիշատակը, այլ այդ քայլով իրենց նպաստը բերում նաեւ հետագա ցեղասպանությունների կանխարգելմանը:
«Որքան շուտ թուրքերը ճանաչեն իրենց անցյալը, այնքան լավ ե՛ւ իրենց, ե՛ւ մեզ համար: Մենք, իրավամբ, անցյալով չենք ապրում, եւ դրա վառ ապացույցը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մեր նախաձեռնությունն էր, ինչը, սակայն, չի նշանակում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար երբեւէ կարող էր դառնալ երկրորդական»,- Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սարգսյանը:




























