Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 23-ին  խորհրդակցություն է անցկացրել  2011թ. գարու արտադրության  զարգացման ծրագրի վերաբերյալ եւ նշել, որ 2000 տոննա  սերմացուն հանրապետություն է բերվելու ոչ միայն սերմնաբուծությունը զարգացնելու, այլեւ մի քանի հիմնական խնդիրներ լուծելու նպատակով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից:

«Քննարկումների ժամանակ բազմիցս արձանագրվել է, որ մշակվող հողատարածքները կրճատվում են: Պետության այս ծրագիրը նպատակ ունի խրախուսել գյուղացիներին` այդ հողերը մշակելու հարցում»,-ասել է կառավարության ղեկավարը` ընդգծելով, որ այս օգնությունը առաջին հերթին պետք է հասնի առավել աղքատ համայնքներին, որտեղ կան սոցիալապես կարիքավոր մարդիկ:

Կարեւորելով հենց այդ թիրախային խմբին գարու սերմացուով ապահովելու հարցը, վարչապետը նշել է, որ չպետք է խաթարվի արդարության սկզբունքը:

«Հանրապետությունում գարու սերմացուի պահանջարկը 11 հազար տոննա է, մենք  բերում ենք 2000 տոննա: Հասկանալի է, որ մենք  բոլորին չենք  կարող բավարարել, այլ միայն պահանջարկի 20 տոկոսը: Կարծում ենք` արդյունքում մի կողմից կունենանք աճ գյուղատնտեսության ոլորտում, մյուս կողմից էլ` մշակվող հողերի ավելացում»,- ասել է վարչապետը:

Նշենք, որ Տարածքային կառավարման նախարարությունն այսօր վարչապետին  է ներկայացնելու Հայաստանի առավել կարիքավոր 200 համայնքերի ցուցակը: Այդ ցուցակները կտրվեն նաեւ մարզպետներին` բաշխում կատարելիս սերմացուն առաջին հերթին առավել աղքատ համայնքներին տալու համար:

Կառավարության ղեկավարը  նշել է, որ ծրագիրը գտնվելու է  իր անմիջական վերահսկողության ներքո: