ԵԱՀԿ գործող նախագահ Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի առաջարկությունը` շփման գծից դիպուկահարներին միակողմանիորեն հանելու վերաբերյալ, անընդունելի առաջարկ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 24-ին հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Անհասկանալի է ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկությունը, հիմա պատերազմական վիճակ է, եւ չենք կարող մեր անվտանգությունը վտանգի տակ դնել: Քանի որ նրա առաջին այցն էր, որոշեց մի բան ասել ու ասաց»,-նկատեց Մանոյանը:

♦ Դիպուկահարներին հանելու կոչով պետք է դիմել ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին. ՀՅԴ պատգամավոր

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ դաշնակցական գործիչը նշեց, որ դա տվել է երկու արդյունք՝ «կանխել է պատերազմի վերսկսումը եւ հասել այսօր հայտնի ԼՂ խնդրի կարգավորման 3 սկզբունքներին` տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում»։

♦ Միջազգային հետաքննության արդյունքը կարող է լինել Ադրբեջանի կողմից իր դիպուկահարներին շփման գծից դուրս բերումը

«Պետք է ընդունել, որ այս երեք սկզբունքները բանակցությունների արդյունք են։ Ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքին, ապա Ադրբեջանից բացի, բոլորը հասկանում են, որ ինքնորոշման իրավունքը նշանակում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմից դուրս»,-նկատեց  Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն։ Ըստ Մանոյանի` Ղարաբաղյան հարցի կարգավորման կարեւորագույն ազդակներից մեկը` բնակչության թիվն է: «Նախագահն ասաց, որ Քաշաթաղի վերաբնակեցումը միանգամից հնարավոր չէ: Հասկանալի է, բայց պետք է իրապես իրավիճակը փոխել եւ հասկանալի դարձնել այդ տարածքների անհրաժեշտությունը: Մենք ժամանակը ճիշտ չենք օգտագործում»,-նկատեց դաշնակցական գործիչը: