Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` մարտի 24-ին ընդունել է ռուսաստանյան նավթագազային «ԻՏԵՌԱ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մակարովի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել ընկերության հետ ծավալված համագործակցության ընթացքից եւ կարեւորել հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են փոխգործակցության նոր ուղղությունների բացահայտման եւ ներդրումային ծրագրերի իրագործման հեռանկարները: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր եւս:

Իգոր Մակարովը նաեւ նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունն օժանդակում է Ռուսաստանում հեծանվային սպորտի զարգացմանը: Այդ համատեքստում անդրադարձ է արվել կառավարության կողմից հավանության արժանացած Սեւանա լճի ափին բարձրլեռնային մարզական կենտրոն հիմնադրելու հայեցակարգին: