Սննդամթերքի անվտանգությունը Հայաստանի համար ունի էական նշանակություն, եւ Եվրամիության հետ համագործակցության 4 ուղղություններից մեկը հենց վերաբերում է սննդի անվտանգությանը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության մարտի 24-ի նիստում:

Վարչապետն ասել է, թե վեց ամիս առաջ վարչապետի վերահսկողական ծառայությունը սննդի անվտանգության վարչության հետ հետազոտություններ է կատարել պանրի արտադրության ոլորտում եւ հայտնաբերել լրջագույն խնդիրներ։ «Մենք պետք է կարողանանք պատշաճ կանոններ հաստատել, որոնք կհամապատասխանեն Եվրոպայի լավագույն ստանդարտներին, որպեսզի սննդամթերքի համար բացվեն եվրոպական շուկաների ճանապարհները։ Անհրաժեշտություն կա, որպեսզի 6 ամիս անց մենք եւս մեկ անգամ կրկնենք այս գործառույթը եւ տեսնենք, թե վերացվե՞լ են թե ոչ նախորդ ստուգումներով բացահայտված խախտումները, թերությունները, որովհետեւ այն փաստերը, որ արձանագրվել էին, խիստ վտանգավոր էին եւ մտահոգիչ»,- նշել է վարչապետը։

Սարգսյանը նշել է, թե կառավարությունը բյուջեից գումարներ ծախսեց, տասնյակ խանութներից հավաքեց պանիրը եւ անցկացրել է լաբորատոր ստուգումներ։ «Եվ արդյունքներն իսկապես խիստ մտահոգիչ էին, ուստի այն ժամանակ կիրառվեցին համապատասխան պատժամիջոցներ եւ հանձնարարականներ։ Պետք է նորից անդրադառնանք այս խնդրին եւ այս անգամ արդեն հրապարակային ներկայացնենք մեր ստուգումների արդյունքները»,- նշել է վարչապետը։