Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկը քննարկում է հայկական հինգ բանկերի վարկեր տրամադրելու հնարավորությունը։ Մարտի 24-ին այս մասին Երեւանում հայտարարեց բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը՝ չցանկանալով կոնկրետացնել այս տեղեկատվությունը։
Նրա խոսքով, այդ բանկերի ֆինանսավորումը կարող է կազմել 4-8 մլն եվրո։
Կոնդակովը նաեւ նշեց, որ բանկը Հայաստանում ներկայումս ֆինանսավորում է 50 մլն եվրո արժողությամբ 10 նախագիծ։
«Մենք նախատեսում ենք մեծացնել ներգրավվածությունը Հայաստանի պետական եւ կիսապետական կառույցներում, որպեսզի մեր ակտիվները հասցնենք 7 տոկոսի»,- ասաց Կոնդակովը։
Բանկն, ընդհանուր առմամբ, ֆինանսավորել է 2,1 մլրդ եվրո արժողությամբ 169 նախագիծ։ 2009 թվականի վերջի տվյալներով, բանկի վարկային պորտֆելը կազմում է 891 մլն եվրո։
Բանկի՝ Ռուսաստանում, Հունաստանում եւ Թուրքիայում ունեցած մասնաբաժինը կազմում է 16,5-ական տոկոս, Ռումինիայում՝ 14 տոկոս, Բուլղարիայում եւ Ուկրաինայում՝ 13,5-ական տոկոս, Ադրբեջանում՝ 5 տոկոս, Հայաստանում եւ Մոլդովայում՝ 1 տոկոս, Վրաստանում՝ 0,5 տոկոս։
Հայաստանում բանկը համագործակցում է երեք հայկական բանկերի՝ Ակբա-Կրեդիտ ագրիկոլ բանկի, Ինեկոբանկի եւ Արմէկոնոմբանկի հետ։





























