ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում իր գրառումները ամերիկյան ԶԼՄ-ներից պաշտպանվելու միակ ձեւ է անվանել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Եթե նրանք ազնիվ լուսաբանեին  (իմ գործունեությունը  նախագահի պաշտոնում) ես ստիպված չէի լինի Twitter-ում գրառումներ անել: Սա պաշտպանվելու միակ ձեւն է: Դա ինձ պետք չէր լինի, սակայն նրանք ազնիվ չեն լուսաբանում (իմ գործունեությունը)», - C-Span-ին տված հարցազրույցում ասել է նախագահը:

Լրագրողը նշել է, որ Թրամփը 43 հազար գրառումներ է տեղադրել Twitter-ում եւ հարցրել նախագահին՝ զղջում է  արդյոք նա դրանցից որեւէ մեկի համար:

«Առանձնապես ոչ: Շատ դեպքերում մեծ խնդիրն  են ռեթվիթները», -ասել է Թրամփը: Նրա խոսքով՝ գրառման ռեթվիթը, որն առաջին հայացքից հրաշալի է հնչում, հետագայում կարող է խնդիրների հանգեցնել նրա հեղինակի հեղինակության պատճառով:

Թրամփը նաեւ դժգոհել է լրագրողներից, որոնք անընդհատ Twitter-ի իր գրառումները լուր են դարձնում:

«Ես գրում եմ՝ «Բարի լույս»: Եվ բոլորը (ԶԼՄ) դրա մասին գրում են. «Հրատապ լուր. նախագահը բարի լույս է մաղթել», -ասել է պետության ղեկավարը, որն անընդհատ քննադատության է ենթարկում ԶԼՄ-ներին իրենց նյութերի համար: