Գյումրիում կարտոֆիլի շուկայում գները բարձրացել են եւ դեֆիցիտ է առաջացել. մեկ կգ կարտոֆիլը քաղաքի տարբեր վաճառակետերում վաճառվում են 250-300 դրամով, չկա նաեւ սերմացու: Շիրակի մարզի ֆերմերների կարծիքով  պատճառը իշխանութունների վարած անհեռատես քաղաքականությունն է: 

«Նախորդ տարիներին գրանցվեց կարտոֆիլի ավելցուկ, դեպի Վրաստան ճանապարհը փակվեց, եւ կարտոֆիլագործները ստիպված եղան  շատ ցածր գներով վաճառել կարտոֆիլը, իսկ բերքի մնացած մասն էլ թափել: Կատարվածից հետո քչերը համարձակվեցին  կարտոֆիլ մշակել. արդյունքում այսօր կարոֆիլի խոշոր պահեստները  գրեթե դատարկ են:

Ոչ միայն պարենային կարտոֆիլի, այլ նաեւ սերմացուի դեֆիցիտ է  նկատվում: Գներն էլ շարունակում են բարձրանալ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Շիրակի մարզում գործող ֆերմեր Ռաֆայել Պողոսյանը`հավելելով, որ եթե գործնական քայլեր չձեռնարկվեն, կարտոֆիլի շուկայում արձանագրվող ցնցումներն անխուսափելի կլինեն:

«Ագրո լույս» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Հարությունյանն էլ կարծիք է հայտնել, թե կարտոֆիլի ամենաբարձր գինը կարձանագրվի հունիս ամսին, ավելացնելով. «Հիմա գյուղացիները ցանկանում են սերմացու գնել, սակայն սերմնաբույծները մեկ պատասխան են տալիս. Չկա»: