Հայաստանի քաղաքական դաշտում գրեթե բացակայում է արժեքային համակարգը, ինչը խիստ բացասական է անդրադառնում հասարակության շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Նման կարծիք է հնչել մարտի 24-ին Երեւանում տեղի ունեցած Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միության (ՀԵՔԳՄ) ընդլայնված նիստում:
Նիստի ընթացքում, որին մասնակցել են պատվիրակներ Հայաստանի մարզերից եւ Երեւանից, երիտասարդ քաղաքական գործիչները քննարկել են Հայաստանի վերջին շրջանի քաղաքական վերադասավորումները:
ՀԵՔԳՄ անդամներն իրենց ելույթներում կարեւորել են թե քաղաքական, եւ թե հասարակական ներկա գործընթացներում հայ երիտասարդության իրական մասնակցությունը` կոչ անելով նրանց զերծ մնալ իմիտացիոն եւ արժեզրկված «պրոյեկտների» մեջ ներգրավվելուց:
Միության հիմնադիր նախագահ Արման Վարդանյանն արձանագրել է, որ Հայաստանում քաղաքական զարգացումները պարզ կանխատեսելիության մակարդակի վրա են գտնվում: «Մենք պարտավոր ենք հարթակ հանդիսանալ նոր տեսլականներով սկզբունքային երիտասարդների համար եւ ապահովել նրանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին»,- նշել է Վարդանյանն ու արձանագրել, որ «այսօր, առավել, քան երբեւէ, առկա է քաղաքական սերնդափոխության հրամայականը»:
Նիստի ընթացքում նաեւ հստակեցվել է կառույցի մարտավարությունը եւառաջարկվել է հիմնադրել մարզային կառույցներ, առաջարկն ընդունվել է ձայների պարզ մեծամասնությամբ:





























