Երեւանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես-Նազարյանը մեկնաբանել է, թե ինչու է արգելել Ազատության հրապարակում վրան տեղադրել հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի համար:

Պարզաբանելով ոստիկանության դիրքորոշումը տվյալ հարցում` Նազարյանը նախ հերքել է, թե օրերս միջադեպ է եղել վրանի տեղադրման ժամանակ: Ոստիկանապետը կոչ է արել չբարդացնել իրավիճակը հայտարարություններով, թե վրանը պատառոտել են:

«Ուղղակի ես թույլ չեմ տվել տեղադրել»,- ասել է Ներսես Նազարյանը: Նրա կարծիքով, չի կարելի վրաններ դնել այն վայրերում, որտեղ երեխաներն են խաղում:

Նկատելով, որ իրավապահները չեն ցանկացել ուժ կիրառել Րաֆֆի Հովհաննիսյանի նման կիրթ մարդու նկատմամբ, Նազարյանն ասել է, թե հանդիպել է Լարիսա Ալավերդյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, եւ արդյունքում թույլատրվել է վրան տեղադրել:

Հարցին, թե որո՞նք են վրանի տեղադրումն արգելելու իրավական հիմքերը, Նազարյանն ասել է, թե ոստիկանները գործել են իր հրահանգով: