Պակիստանը դադարեցրել է Հնդկաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը ՝ երկու պետությունների միջեւ հարաբերությունների սրման պատճառով, որի պատճառը Նյու Դելիի ՝ Ջամու եւ Քաշմիր նահանգը վերացնելու որոշումն է: Այս մասին հայտարարել է Պակիստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Շեյխ Ռաշիդ Ահմեդը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Քանի դեռ ես Պակիստանի երկաթուղային տրանսպորտի նախարար եմ, «Բարեկամության էքսպրես» գնացքն այլեւ չի աշխատելու», - ասել է նախարարը:
«Հաջորդ 3 կամ 4 ամիսները շատ կարեւոր են, կարող է պատերազմ տեղի ունենալ, բայց մենք չենք ուզում դա, -հավելել է նախարարը՝ մեկնաբանելով Հնդկաստանի եւ Պակիսատնի միջեւ իրավիճակը,-եթե մեր դեմ պատերազմ սկսվի, ապա այն վերջինը կլինի»:
«Բարեկամության էքսպրեսը» միակ գնացքն է, որը շաբաթական 2 անգամ Լահորից Աթարիով Նյու Դելի էր ուղեւորվում: Գնացքն առաջին երթուղին իրականացրել է 1976 թվականի հուլիսի 22-ին:
Օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարել էր Ջամու եւ Քաշմիր նահանգը վերացնելու եւ այդ տարածաշրջանում երկու միութենական տարածքներ (վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունք ունեն, քան նահանգը) ստեղծելու մասին: Այդ նպատակով խորհրդարանը հաստատել էր Սահմանադրության 370-րդ հոդվածի չեղարկումը, որը նահանգին հատուկ կարգավիճակ էր տալիս: Պակիստանը դատապարտել էր այդ քայլը:



























