Գյումրիի գլխավոր կամուրջը, որը 2 գլխավոր փողոցները կապող միակ կարճ ճանապարհն է, վթարային է, տեխնիկական վիճակը խիստ մտահոգիչ է եւ հրատապ լուծում պահանջող: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք են հայտնել Շիրակի մարզի Երկրաֆիզիկայի եւ ինժերային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատողներն ու սեյսմիկ ծառայության Շիրակի մարզային աշխատակիցները, որոնք կամրջի մոտ հերթական մշտադիտարկումներն են անցկացնում:
«Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության մասնագետների կողմից բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել: Արդյունքում պարզ է դարձել, որ կամրջի տեխնիկական վիճակը չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին: Տարիների ընթացքում կամուրջը պահող երկաթյա կոնստրուկցիաները քայքայվել են»,-ասել է Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատող Աղասի Հովսեփյանը:
Նշենք, որ Գյումրիի գլխավոր կամուրջը կառուցվել է 1976 թվականին: 1988 թ-ի երկրաշարժի ժամանակ այն ենթարկվել է մասնակի փլուզումների, իսկ ամրացնելու ուղղությամբ գործնական լուրջ քայլեր չեն կատարվել: «Չնայած կամուրջը տարիների ընթացքում մասնակի ամրացումների ենթարկվել է, սակայն ներկայիս վիճակը մտահոգիչ է», -նշել է Շիրակի մարզի սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության կառույցների սեյսմակայունության բաժնի վարիչ Կարեն Մխիթարյանը` ավելացնելով, որ վթարավտանգ է հատկապես կամուրջի արեւելյան հատվածը: Նրա խոսքով, կամրջի քայքայման պատճառ դարձել է նաեւ գրունտային ջրերի բարձրացումը:
Շիրակի մարզի միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհային ցանցում 110 կամուրջ կա: Մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է, որ նրանցից 61-ը ենթակա է վերանորոգման:Առավել վթարային 7 կամրջի հիմնանորոգման հայտերն ընդգրված են 2009-2012թ-ին մարզում ճանապարհաշինության բնագավառում իրականացվելիք ծրագրերում,սակայն գործնական քայլեր այդ ուղղությամբ դեռեւս չեն կատարվել:





























