Շիրակի մարզի Ախուրյանի շաքարի գործարանի տնօրենը հավաստիացնում է, որ գործարանի դադարի պատճառը բացառապես տեխնիկական է եւ որ այն հիմա ամբողջությամբ աշխատում է:

«Գործարանն աշխատում է, իսկ աշխատակիցները կանոնավոր կերպով վճարվում են»,- այսօր` մարտի 25-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ֆերմերների եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է շաքարի գործարանի գործադիր տնօրեն Էդուարդ Սարգսյանը:

«Գործարանի աշխատելը ո՞նց եք պատկերացնում, որ անընդհատ շաքարը պիտի դո՞ւրս գա:

Քաղաքական շոուներ եք սարքում: Առավոտյան եկեք, գործարանի անցակետի մոտ սպասեք, մարդիկ գալիս են աշխատանքի, իսկ իրիկունները` գնում: Աշխատավարձ էլ ստանում են»,- ասել է Էդուարդ Սարգսյանը`գործարանի ժամանակավոր չաշխատելու հանգամանքը բացատրելով տեխնոլոգիաների յուրահատկությամբ:

«Որոշ ժամանակ աշխատելու է, որոշ ժամանակ դադար ենք տալու, այսպիսին է տեխնոլոգիան, որպեսզի մաքրում տեղի ունենա: Ձմռանն էլ չենք աշխատել, քանի որ խողովակներում կարող էր սառչել ու սառույցը կարող էր պայթեցնել համակարգը»,- ամփոփել է տնօրենը: