Լեհաստանի մայրաքաղաքը բախվել է էկոլոգիական ճգնաժամի կոլեկտորների խափանման պատճառով, որոնք կենցաղային կոյուղաջրերը դուրս են բերում մաքրման համակարգեր, մարդու կենսագործունեության այդ մնացորդները թափվել են Վիսլա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ Լեհաստանի գլխավոր ջրային զարկերակում այս պահին թափվոմ է 3 հազար լիտր կենցաղային ջուր վայրկյանում։ Համաձայն Շրջակա միջավայրի պաշտպանության տեսչության հաշվարկների՝ 50 հազար խորանարդ մետր աղտեղաջուր արդեն գետում է հայտնվել։ Քաղաքում սկսել է աշխատել ճգնաժամային շտաբը, որի մեջ են մտել փորձագետներ, նորոգման բրիգադներ, հրշեջներ եւ իշխանությունների ներկայացուցիչներ։ Քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին մամուլի ասուլիսում քաղաքացիներին հավաստիացրել է, որ խափանման հետեւանքները չեն անդրադառնա վարշավցիների խմած ջրի որակի վրա։
Խնդիրն այն է, որ Վիսլայի կեղտոտված ջրերը շուտով կհասնեն լեհական այլ քաղաքներ գետի հոսանքն ի վար։ Մասնավորապես, սպառնալիքի տակ է Պլոցկը։ Շրջանի սանիտարահամաճարակային ծառայությունները սկսել են ինտենսիվ ստուգումները։
Շրջակա միջավայրի պահպանության նախարար Հենրիկ Կովալչիկը չորեքշաբթի մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ Վիսլա է թափվելու օրական 260 հազար խորանարդ մետր աղտեղաջուր։ «Ջրի ցածր մակարդակի դեպքում Վիսլայի համար դա շատ մեծ ծավալ է, որը վնաս կհասցնի շրջակա միջավայրին։ Դա էկոլոգիական աղետ է»,- ասել է նա։





























