Մեքսիկայի կառավարության անհայտ կորածների հարցերով ազգային հանձնաժողովը զեկույց է հրապարակել, որում նշել է, թե 2006 թվականի սկզբից սկսած մարդկային մարմինների գաղտնի թաղման քանի վայր է հաջողվել հայտնաբերել, հատնում է Life-ը:
«2006 թվականի վերջից մինչեւ հիմա մենք հայտնաբերել ենք 3024 գաղտնի թաղման վայր: Նահանգները, որոնց տարածքներում հայտնաբերվել են առավել մեծ թվով այդպիսի թաղման վայրեր, հետեւյալն են՝ Տամաուլիպաս, Չիուաուա, Գերերո, Սինալոա, Սակատեկաս եւ Խալիսկո»,- լրագրողներին ասել է հանձնաժողովի ղեկավար Կառլա Կինտանա Օսունան:
Զեկույցը ներկայացվել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ: Միջոցառումն այս անգամ նվիրված էր օգոստոսի 30-ին նշվող Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվան:
«Զոհվածների անձը պարզելու աշխատանքները շարունակվում են տեղական իշխանությունների ինստիտուտների եւ ընտանիքների հետ համատեղ, որոնք փնտրում են անհայտ կորած մերձավորներին»,- հստակեցրել է Օսունան:
Նրա խոսքով՝ չնայած ուժեղացված աշխատանքին եւ 25 պետական հանձնաժողովների, ինչպես նաեւ մեծ թվով պետական, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների մասնակցությանը, հաջողվել է ճանաչել մարմինների միայն մոտ 30 տոկոսը: Ընթացիկ տարում Մեքսիկայի իշխանությունները նախատեսում են տարածքային հանձնաժողովների աշխատանքի համար հատկացնել 260 մլն պեսոյից ավելի:
Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը 2010 թվականին հիմադրվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նախաձեռնությամբ՝ կապված ամբողջ աշխարհում մարդկանց առեւանգումների եւ անհայտ կորածների թվի մեծացման հետ:





























