Սուրբ Հեղինեի կղզու իշխանությունները հայտարարել են Նապոլեոն Բոնապարտի նմանակի որոնման մասին, որը կներկայացնի տարածաշրջանը աքսորված ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտի մահվան 200-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նապոլեոնն իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է բրիտանական Սուրբ Հեղինեի կղզում եւ մահացել է այդտեղ 1821 թվականի մայիսի 5-ին:
«Սուրբ Հեղինեի զբոսաշրջային իշխանությունները փնտրում են տղամարդու, որը կցանկանա կայսեր մահվան 200-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ նմանակել Նապոլեոնին»,- ասվում է Տուրիզմի հարցերով գրասենյակի Twitter-յան հաղորդագրության մեջ:
Թեկանծուն, որը կդառնա կղզու դեսպանը, պետք է ազատ լինի 2019, 2020 եւ 2021 թվականներին անցկացվելիք բոլոր միջոցառումներին մասնակցելու համար: Առանձնահատուկ նշվում է, որ նա պետք է ունենա ներկայանալի արտաքին եւ կարողանա շփվել բարձր կարգի քաղաքական գործիչների հետ:
Թեկնածուները պետք է Նապոլեոնի կոստյումով թեստ անցնեն սեպտեմբերի 27-ից ոչ ուշ: Առաջին միջոցառումը նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 15-ին:





























