Հնագետները Մեծ Բրիտանիայի հարավային մասում հայտնաբերել են հին հռոմեական խճանկար, որը թվագրվում է մ.թ. մոտ 300 թվականով: Վեցմետրանոց պատկերի վրա ներկայացված է Էնոմայ թագավորի տարիների մարտակառքերով մրցարշավ, փոխանցում է «Ակտուալնիե նովոստի»-ն:
Ավանդույթի համաձայն՝ հին հունական հերոսներից մեկը՝ Պելոպը սիրահարվել է տիրակալի մինուճար դստերը՝ Հիպոդամիային, բայց Էնոմայը փեսացուներից ազատվում էր, քանի որ գուշակը կանխատեսել էր փեսայի ձեռքով նրա մահը: Դստեր սրտի հավակնորդների համար թագավորը սահմանել էր խիստ փորձություն՝ խոստանալով նրան ամուսնացնել մարտակառքերով մրցարշավի հաղթողի հետ: Պարտվողին մահապատիժ էր սպասում: Մրցությանը մասնակցել է տանյակից ավելի փեսացու, բայց նրանց բոլորին թագավորը ոչնչացրել է: Աստվածներին ձանձրացրել էին սպանությունները, եւ նրանք որոշել են օգնել Պելոպին: Պոսեյդոնը հերոսին մարտակառք է նվիրել, որոնց լծված էին անմահ թեւավոր ձիեր, որոնք չէին հոգնում: Հիպոդամիայի սիրեցյալը տիրակալի կառքավարին վճարում է կառքի մետաղական մասերը մոմե մասերով փոխելու համար: Արդյունքում թագավորը վրիպելով Պելոպին նիզակով հարվածելիս ընկնում է եւ մահանում:
Առասպելի տեսարաններից մեկը ներկայացնող հին հռոմեական խճանկարը հայտնաբերել են դեռեւս 2017 թվականին Բոքսֆորդ գյուղի մոտ մասնավոր դաշտում: Արտեֆակտը 2 տարով ծածկել են հողով, որպեսզի հողի տերերին հնարավորություն տան այն օգտագործելու, եւ միայն վերջերս են մաքրել: Եզակի ցուցադրանմուշը հանրությանը ցույց տալուց հետո նախատեսում են կրկին հողի տակ թաղել: Բրիտանացի փորձագետները խճանկարը հանելն ու թանգարան տեղափոխելը չափազանց ծախսատար են համարել, ուստի որոշել են այն տեղում թողնել:



























