Ավստրալացի օվկիանոսագետները Կորալյան ծովի հատակում նախկինում անհայտ ստորջրյա հրաբուխներ, կորալների նոր տեսակներ եւ խորջրյա կիրճեր են հայտնաբերել։ 28-օրյա ծովային ճանապարհորդության ընթացքում գիտնականները ստեղծել են ստորջրյա մանրամասն քարտեզ, որը կօգնի հասկանալ՝ ինչպես է ձեւավորվել այդ հատակը։ Այս մասին հայտնել է Գիտական եւ կիրառական հետազոտությունների պետական միավորման (CSIRO) մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Գիտարշավի ժամանակ գիտնականները հայտնաբերել են մինչեւ 5 կմ խորությամբ ստորջրյա կիրճեր, ստորջրյա հրաբուխներ եւ կորալների նոր տեսակներ։ «Մենք հավաքել ենք լեռնային ապարների 650 նմուշ, որոնցից մի քանիսը մինչեւ 4,5 կմ խորությունից են։ Դրանք կօգնեն պատասխանել Կորալյան ծովի պատմությանը, միլիոնավոր տարիներ առաջ նրա ձեւավորմանը վերաբերող կարեւոր հարցերի»,- նշել է արշավախմբի ղեկավար, Տասմանիայի համալսարանի դոցենտ Ջո Ուիթաքերը։
«Մեր գտածոները կօգնեն բացատրել շատ երկրաբանական գործընթացներ։ Այն բանից հետո, երբ լեռնային ապարների նմուշները ուսումնասիրվեն լաբորատորիայում, մենք կկարողանանք ավելի լավ հասկանալ տեկտոնական սալիկների եւ մայրցամաքների շարժման գործընթացները»,- պարզաբանել է Ուիթաքերը։





























