«Բենթլի Երեւան» ՍՊԸ, «Ալեքսանդր հոթել» ՍՊԸ եւ «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ ընկերությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ շարունակելու եւ ընդլայնելու Հայաստանում առաջին «Luxury Community»-ի գործունեությունը։ «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ն, որն այս տարի միանում է նախաձեռնությանը, ներկայանում է լեգենդար «ARARAT» կոնյակներով (ֆոտոռեպորտաժ):

Փակ ակումբի յուրաքանչյուր անդամ կունենա հատուկ անդամակցության քարտ, որը հնարավորություն կտա օգտվելու «Bentley Yerevan», «The Alexander, a Luxury Collection Hotel Yerevan» կազմակերպությունների եւ «ARARAT» ապրանքանիշի ծառայություններից, էքսկլյուզիվ նվերներից եւ անդամակցության շրջանակներում առաջարկվող ծառայություններից։

Համագործակցության նպատակն է՝ լյուքս դասի ապրանքանիշերի փակ ակումբի ընդլայնում, տարատեսակ միջոցառումների կազմակերպում տարվա ընթացքում, ապրանքանիշերի առաջխաղացում շուկայում, համագործակցության ընդլայնում այլ ապրանքանիշերի ներգրավմամբ»:

«Որոշել էինք ստեղծել մի միություն, որը հնարավորություն կընձեռեր մեր հաճախորդներին եւ մեր համապատասխան գործընկերներին միավորել մի հարթակի, մի ընտանիքի մեջ, որտեղ նրանք կկարողանան վայելել մեր տարբեր գործընկերների կողմից առաջարկվող գաղափարները, ծառայությունները, եւ այն ամենն, ինչ կարող ենք համարել արտառոց եւ արտակարգ՝ հետաքրքիր միտք, հետաքրքիր գաղափար, փորձառություններ: Այս քայլով մենք ընդլայնում ենք թե հաճախորդների, թե հետաքրքրությունների, թե փորձառությունների շրջանակը»,– ասաց «Բենթլի Երեւան» ՍՊԸ–ի գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով գործընկերների ընտրության հարցում առաջնորդվել են պարզ սկզբունքով. «Հիմնաքարը եղել է շքեղ ապրանքանիշ լինելու գաղափարն ու չափանիշը»։

Ըստ Սիմոնյանի, եթե արտադրվում է թանկ եւ բարձրաճաշակ ապրանք, նշանակում է` այն ունի իր սպառողը. «Եթե արտադրված է, ուրեմն դա ինքնանպատակ չէ, նշանակում է՝ կան այդ ապրանքը սպառող մարդիկ։ Մեր նպատակն է, որ բարձրաճաշակ, ավելի պահանջկոտ մարդկանց համար ստեղծենք բարձրակարգ, հետաքրքիր միջոցառումներ, փորձառություններ, ժամանց եւ ծառայություններ»:

«Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Մելքոնյանի խոսքով՝ իրենց ընկերութան մասնակցությունը նախագծին հայկական շունչ է հաղորդում նախաձեռնությանը. ««ARARAT» ապրանքանիշով ներկայանալով՝ հայկական շունչ ենք հաղորդում այդ համագործակցությանը: Մենք ի վիճակի ենք ստեղծել հատուկ փորձ, հատուկ պահեր ստեղծվող նոր համայնքի համար»:

«Ալեքսանդր հոթել» ՍՊԸ-ի տնօրեն Միխայել Կոլտեսն իր հերթին նշեց, որ այս համագործակցությունը մի հարթակ է, որտեղ մարդիկ հստակ մշակված նպատակներով եւ ձգտումներով կկարողանան միավորվել եւ համագործակցել: ««Luxury» հասկացության մասին խոսելիս պետք է ունենալ շատ խիստ մոտեցում եւ խիստ ըմբռնում: Այդ հարթակի մասնակից մարդիկ ունենալու են շատ յուրահատուկ հնարավորություններ:  Սա հատուկ առաջարկ է բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան մասնակցել այդ հարթակին. կազմակերպվող միջոցառումները ներառելու են սահմանափակ թվով մարդկանց, ովքեր ունեն նույն մտածելակերպը, պատկերացումներն ու ապրելակերպը»,- նշեց Կոլտեսը:

Հետագայում «Բենթլի Երեւան» ՍՊԸ, «Ալեքսանդր հոթել» ՍՊԸ եւ «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ ընկերությունները համագործակցությունն ընդլայնելու նպատակով նախատեսում են այլ ապրանքանիշերի ներգրավում և նոր ձեւաչափի միջոցառուների կազմակերպում։