Իմ կարծիքով՝ չարժե բացառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով տարբեր արտաքին քաղաքական ուժերի հետ հնարավոր պայմանավորվածությունների առկայությունը: Սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա գնահատմամբ՝ իրավաբանական տեսանկյունից տրվեցին բավականին ոչ հստակ մեկնաբանություններ: Ի դեմս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ իշխանությունները հայտնեցին, որ որոշմամբ ոչ մի պարտավորություն չկա: Սա նշանակում է, որ հարցը կրկին իրավական դաշտից անցնում է քաղաքական»,- պարզաբանեց Հակոբյանը:

Սրանից ելնելով՝ փորձագետը կարծում է, որ ինչպես այս որոշումը, այնպես էլ հետագա քայլերը պայմանավորվելու են արտաքին քաղաքական պայմանավորվածություններով: «Այս տեսանկյունից ես եզրահանգում եմ կատարում, որ Քոչարյանը, հանարավոր է, եւ ազատվի: Պայմանավորվածություններ կարող են լինել Ռուսաստանի հետ: Նկատի ունենալով Սահմանադրական դատարանի գործոնը եւ դրա նախագահ Հրայր Թովմասյանի անձը՝ հնարավոր է, որ պայմանավորվածություն կլինի նաեւ որոշակի եվրոպական կառույցների հետ, օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովի»,- ասաց քաղտեխնոլոգը:

Փորձագետն այս ենթատեքստում ուշադրություն դարձրեց այն դերին, որը հատկացվում է Վենետիկի հանձնաժողովին, քանի որ ՍԴ-ն նրան է դիմել խորհուրդ ստանալու: «Այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, որոշակի խորհրդատուներ երբեմն գրեթե պարտադրողի դեր են ունենում»,- նշեց Վիգեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման համար հիմքերի եւ քրեական գործի հարուցումը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների վերաբերյալ Քրեադատավարական օրենսգրքի 35-րդ եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը՝ որոշեց. Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին եւ 78-րդ հոդվածին հակասող ճանաչել Քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը քրգործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների վերաբերյալ քրեական գործով, որը չի նախատեսում պաշտոնատար անձանց անձեռնմխելիություն, որոնք օժտված են հատուկ պաշտպանությամբ, իսկ Քրեադատավարական օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող: