Լուիզիանայի բնակիչը, ով 18 տարի սխալմամբ անցկացրել է բանտում, չի ստանա 14 մլն դոլար փոխհատուցումը: Նման որոշում, ըստ Wasshington Post-ի, կայացրել է ԱՄՆ գերագույն դատարանը` ձայների 5-ը 4-ի հարաբերակցությամբ:
1985թ. Ջոն Թոմսոնը մեղավոր էր ճանաչվել զինված կողոպուտի, ապա սպանության մեջ, որի համար դատապարտվել է մահապատժի: 1999թ. նրա փաստաբաններին հաջողվել է պարզել, որ նա մեղավոր չէ:
Թոմսոնը հայց էր ներկայացրել Նոր Օռլեանի դատախազության դեմ` մեղադրելով, որ միտումնավոր կարեւոր փաստաթղթեր են թաքցրել: Ըստ ականատեսների ցուցմունքների` հանցագործն ավելի բարձրահասակ է եղել, քան Թոմսոնը, մինչդեռ դատախազությունը թաքցրել է այդ տեղեկությունը:
Գերագույն դատարանը նշել է, թե դատախազությունը սխալ է գործել, սակայն ոչ այնպիսի, որ դրա համար նման խոշոր փոխհատուցում վճարի:





























