ԵՏՄ շրջանակում փոխադրումների ծավալը գլոբալ մասշտաբով չի մեծանում: Սեպտեմբերի 30-ին «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» միջազգային համաժողովում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ԵՏՄ շրջանակում ապրանքի վերջնական արժեքի մեջ տարանցման արժեքը 30 տոկոս է, մինչդեռ ԵՄ-ում 10 տոկոս է, ԱՄՆ-ում՝ 9 տոկոս: «Սա մեզ համար աղետ է, եւ այս տեմպերով մենք մրցակցությանը չենք դիմանա: Խնդիրը որոշումներ ընդունելու արագության մեջ է: Հաճախ ամենահասարակ հարցերը տարիներով են քննարկվում, եւ ընդունած որոշումներն արդեն հնանում են: Նույնը վերաբերում է թվայնացման հարցին, եւ այսօր արդեն հասկանալի է, որ առանց այս փոփոխությունների չենք կարող խոսել զարգացման մասին»,- նշեց նա:
Սարգսյանի խոսքով՝ աշխարհում հաղթում են նրանք, ովքեր արագ որոշումներ են ընդունում, եւ բնականաբար, Միության շրջանակում օպերատիվ որոշումներ կարող է ընդունել հենց վերազգային կառույցը: «Դրանից բացի, կարեւոր է անդամ երկրներում օրենսդրական բազայի ներդաշնակեցումը, որ դյուրանա ապրանքների եւ ծառայությունների փոխանակությունը: Այդպիսի հաջող օրինակներից մեկը կարող է լինել Մաքսային օրենսգիրքը, որն ընդունվել է, այդ թվում՝ բիզնեսի ավելի քան 1000 ներկայացուցիչների դիտողությունները հաշվի առնելով»,- պարզաբանեց նա:
ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նշեց, որ բիզնեսից ստացված առավել տարածված գանգատը հենց այն է, թե ինչու է որոշումների ընդունումը կամ դրանց իրականացումն այդքան ձգձգվում: «Մեզ հաջողվել է 5 տարում կոնսենսուսի հասնել այն հարցում, թե ինչ է պետք անել: Բայց կա ահռելի չիրացված ներուժ, որը կարելի է իրացնել տրանսպորտալոգիստիկ ոլորտի թվայնացման եւ որոշումների ընդունման արագացման միջոցով»,- եզրափակեց Տիգրան Սարգսյանը:





























