Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինոն ապրիլի 2-ին Հարավային Ագուսան նահանգի իշխանություններից պահանջել է ապահովել պատանդների անվտանգությունը, որոնց առեւանգել են Պրոսպերիդադ քաղաքի դպրոցի ավարտական  արարողության ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հաղորդվում է, որ մանոբո ցեղի զինված տաղամարդիկ առեւանգել եւ Մինդանաո կղզու խուլ անտառներ են տարել մինչեւ 16 (այլ տվյալներով` 14) մարդու: Ինչպես հաղորդել է տարածաշրջանային ոստիկանության պետ Ռեյնալդո Ռաֆարը, առեւանգվածների մեծ մասը ուսուցիչներ են, նրանց հետ կան նաեւ երկու անչափահասներ: 

Ռաֆարը տեղեկացրել է, որ ներկայումս տեղական իշխանությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծվել է հատուկ ճգնաժամային հանձնաժողով, եւ բանակցութուններ են վարվում առեւանգիչների հետ: Վերջիններիս ղեկավար Ռեյջոյ Բրիտալը պահանջել է տեղական բանտից բաց թողնել մի շարք դատապարտյալների` հակառակ դեպքում սպառնալով սպանել պատանդներին: