Այսօր գյուղացին մեծ թերահավատությամբ է լցված իրեն տրված խոստումների ու ծրագրերի նկատմամբ եւ գյուղատնտեսության նախարարության խնդիրն է վերականգնել այդ վստահությունը: Այս մասին այսօր` ապրիլի 2-ին հանդիպելով Արմավիրի մարզի մի շարք համայնքների գյուղացիներին` նշել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքով, հանրապետության նախագահի կողմից կա հանձնարարական բարձրացվող խնդիրներին ժամանակին ու տեղում լուծում տալու:
«Այն մարդիկ, ովքեր կխոչընդոտեն ծրագրերի իրականացմանը, կենթարկվեն պատասխանատվության», - նշել է նախարարը: Սերգո Կարապետյանը եղել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Ակնաշեն, Ապագա, Երասխահուն, Վարդաշեն, Արազափ, Մյասնիկյան եւ Բաղրամյան համայնքներում, որին էլ հաջորդել է խորհրդակցությունը Արմավիրի մարզպետարանում:
Գյուղացիների հիմնական դժգոհությունն ու անհանգստությունը ոռոգման ջրին է վերաբերել: Գրիբոյեդովի գյուղացիները նոր խորքային հոր կառուցելու անհրաժեշտության մասին են խոսել, դժգոհել ոռոգման ջրի բաշխման ուշացումներից: Գյուղացիների թերահավատությանն ի պատասխան` նախարարը հայտարարել է, որ հետեւելու է, որպեսզի ջուրն այստեղ բաշխվի ապրիլի 10-ից, իսկ ՋՕ-ի կողմից խոստումը չկատարելու դեպքում պատասխանատու աշխատակիցը կհեռացվի աշխատանքից: Ավելին` գյուղացիների թերահավատությունը վերացնելու նպատակով Սերգո Կարապետյանն իր անձնական հեռախոսահամարն է փոխանցել գրիբոյեդովցի Մասիս Մուրադյանին: «Եթե խոստացված ժամանակ չիրականացվի ջրի բաշխումը, տեղեկացրեք ինձ», - նշել է նախարարը:
Լսելով գյուղացիների բողոքը` կապված պարարտանյութերի գների հետ, Սերգո Կարապետյանը շրջայցի ընթացքում կանգ է առել ճանապարհի խանութներից մեկում ու որպես հաճախորդ` հետաքրքրվել վաճառվող պարարտանյութի գնով, որտեղ մեկ պարկի արժեքը հասնում է 8 հազար դրամի, մինչդեռ այն չպետք է անցնի 7.200 դրամը:Նախարարը համայնքների ղեկավարներին հանձնարարել է տեղերում հետեւել գներին:
«Կա հանրապետության նախագահի հանձնարարականը, որպեսզի հետեւենք գնագոյացմանը: Միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի ներկրողներն ու վաճառողները մեծ շահույթ չստանան գյուղացու հաշվին: Գյուղացին ինքը պետք է շահույթ ստանա իր աշխատանքից: Եթե չստացավ, նա չի մշակելու իր հողը», - նշել է Սերգո Կարապետյանը:
Անդրադարձ է կատարվել նաեւ գյուղատնտեսական վարկերին, որոնք կտրվեն առեւտրային չորս բանկերի կողմից` 14 տոկոս տոկոսադրույքով, որից 4 տոկոսի սուբսիդավորումն իր վրա է վերցրել պետությունը:Սերգո Կարապետյանը կարեւորել է այն, որ վարկերը տրվում են դրամով եւ 6 ամիս արտոնյալ պայմաններով:





























