Ադրբեջանում ծեծի է ենթարկվել ընդդիմադիր «Ազադլըգ» («Ազատություն») թերթի լրագրող Ռամին Դեկոն:

Անհայտ անձինք նրա վրա հարձակվել են ապրիլի 4-ի երեկոյան մետրոյի կայարանի մերձակայքում, երբ նա խմբագրությունից տուն էր վերադառնում։ Դեկոն մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Երիտասարդին  հաջողվել է փախչել իրեն հետապնդողներից։

Դեկոն ասել է, որ իրեն ծեծելու ժամանակ խորհուրդ են տվել «ավելի խելացի լինել» եւ «չմասնակցել ընդդիմադիր կուսակցությունների ակցիաներին»։

Ծեծի նախօրեին հաղորդվել էր, որ Ռամին Դեկոյին առեւանգել են եւ պահել 8 ժամ, ընդ որում այդ ընթացքում ծեծի եւ այլ բռնության չեն ենթարկել։ Սակայն  լրագրողի խոսքով, իրեն «խորհուրդ» են տվել պակաս ակտիվ լինել սոցիալական ցանցերում, չքննադատել կառավարությանը։

Դեկոն «Ազադլըգ» թերթի հեղինակավոր լրագրողներից է, ով լուսաբանում է ընդդիմության բողոքի ակցիաները։ Նա 2010-ին «Տարվա թղթակից» կոչմանն է արժանացել։