Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը երեկ` ապրիլի 4-ին, դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնի լյուքս բաժնից: Այս մասին NEWS.am-ի թղթակիցը տեղեկացավ հենց իրենից` Խաչիկյանից, ով նշեց, որ իրեն արդեն լավ է զգում:
Խաչիկյանը նշեց, որ իր ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառը եղել են ճնշման տատանումները եւ ոչ թե թունավորումը, ինչպես որ մամուլի որոշ միջոցներ էին ներկայացրել: «Ինձ մոտ մի կես տարի առաջ էլ էր նման խնդիր առաջացել: Գարնանային-աշնանային սեզոնին ճնշման տարբերությունն էր պատճառը: Որեւիցե այլ բան չկա»,-ասաց Խաչիկյանը:
Նշենք, որ ըստ լուրերի, Վազգեն Խաչիկյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է այն բանից հետո, երբ ինչ-որ անձի հետ ճաշելիս է եղել Վանաձորի «Էլկանի» ռեստորանում: Մարտի 30-ին՝ երեկոյան ժամը 8-ին սահմաններում, նա հարազատների ուղեկցությամբ սկզբում տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Կլինիկա ընդունվելու պահին հիվանդը գանգատվել է սրտխառնոցից: Ունեցել է գիտակցության խանգարում:
Ալավերդու բժշկական կենտրոնում ախտորոշել են՝ անհայտ ծագման կոմատոզ վիճակ (գիտակցության խանգարում), գլխուղեղի արյան շրջանառության խանգարում: Նման երեւույթներով հիվանդության պատճառը կլինիկորեն պարզելու հնարավորություն չունենալով՝ մարտի 31-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, Վազգեն Խաչիկյանին Ալավերդու կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում Վազգեն Խաչիկյանի ղեկավարած սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերվել էին հսկայական չարաշահումներ: Որոշ ժամանակ անց նա հրաժարական էր ներկայացրել:




























