Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդության քննությունը Բարձրագույն դատական խորհրդում այսօր` նոյեմբերի 4-ին, հետաձգվեց: Նշենք, որ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել քաղաքացիական գործով վճիռը հիմնավորված եւ պատճառաբանված չլինելու հիմնավորմամբ, ինչպես նաեւ դատավորի կողմից, ըստ նախարարի, խախտվել են վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջները:

Միջնորդության քննությունը հետաձգվեց, որպեսզի ժամանակ տրվի ԲԴԽ անդամներին՝ ծանոթանալու մեկ այլ՝ դատավոր Աշոտ Խաչիկյանի գործով կայացված ԲԴԽ որոշմանը: Ըստ ԲԴԽ–ի՝ որոշման մեջ կարող է լինել կարգապահական վարույթ հարուցելու ժամկետների հետ կապված մեկնաբանություն, որը կարող է բարելավել դատավորի վիճակը: