Հայ ընտանիքում կնոջ դեր բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել ժամանակի ընթացքում, սակայն մեկ բան հստակ է. կինն ընտանիքի մեխն է, կենտրոնական դեմքը, որից կախված է ընտանիքի, հասարակության ամրությունը: Այս մասին այսօր` ապրիլի 7-ին մամուլի ասուլիսում հայտարարել է պատմաբան Ռաֆայել Նահապետյանը:
«Եթե մենք այսօր չգնահատենք կանանց, ինչպես հարկն է, շատ բան կկորցնենք: Մեր հասարակության ամրությունը կախված է կանանցից: Հայ կինը ամենաչարչարվող, ամուսնու հանդեպ անչափ ուշադիր, իր ընտանիքին ամենաշատ նվիրված, կերակրող, պահող կին է եւ արժանի է լուրջ ուշադրության»,- ասաց նա:
Պատմաբանի խոսքով, հեթանոսության ժամանակ կնոջը բազմաթիվ ազատություններ էր տրված, սակայն եկավ քրիստոնեությունը եւ դրեց իր սահմանափակումները:
«Կնոջը դերը փոխվում է նաեւ իր տարիք համեմատ»,- ասել է Ռ. Նահապետյանը եւ օրինակ բերել, որ հնում աղջիկը 12-13 տարեկան հասակում բավական ազատ էր, իսկ երբ սկսում էր հասունանալ, ողջ ընտանիքի ուշադրությունը սեւեռվում էր նրա վրա: «Երբ աղջիկը հարս էր դառնում, ամբողջությամբ կաշկանդված էր, իրավունք չուներ նայել որեւէ տղամարդու, կրում էր երեսի քողի եւ գլխի հարդարանքի մի ամբողջ բարդ համակարգ: Եղել են դեպքեր, երբ մի ամբողջ տարի կրել է այդ քողը: Կինը պարտավոր էր բերանը եւ գլխի հատվածը ծածկված պահել: Կնոջ մարմնի մեջ եւ ոչ մի հատված բաց մնալու իրավունք չուներ, իրավունք չուներ իրենից տարիքով բարձր տղամարդու առաջ հերարձակ լինել, մազերը կտրել կամ սանրել, եթե երեխային գրկած լիներ եւ ներս մտներ տան նահապետը` սկեսրայրը, նա իրավունք չուներ այդպես մնալ, պետք է անհապաղ երեխային մի տեղ դներ եւ գլուխը կախ հեռանար: Ըստ որում` հին ժամանակներում աղջիկ երեխաների դաստիարակությունը գտնվում էր մեծ տան տիկնոջ հսկողության ներքո: Որքան կինը մեծանում էր, այնքան նա ձեռք էր բերում ազատություն: Երկու-երեք երեխա ունենալուց հետո կնոջ իրավունքները աստիճանաբար հավասարվում էր տղամարդու իրավունքներին: Կնոջ բարոյական եւ ոչ մի վրիպում անհետեւանք չէր մնում: Եթե նա բռնվեր հանցանքի վայրում, դաժան խոշտանգումների էր ենթարկվում: Եթե կինը վատ վարքի տեր էր, ծաղրանքի էր ենթարկվում նրա ամբողջ տոհմը եւ այդ տնից ոչ ոք հարս չէր վերցնում: Միեւնույն ժամանակ` կինը համարվել է ընտանիքի պատիվը եւ հպարտությունը: Կնոջ դերակատորությունը այնքան բարձր է գնահատվել, որ տան տիկինն էր որոշում ամուսնությունը»,- հայկական հին իրականությունը ներկայացրեց պատմաբանը:
Հոգեբան Կարինե Նալչաջյանն էլ անդրադարձավ այդ ավանդույթներում տեղի ունեցած փոփոխություններին, որոնք, ըստ նրա կրում են սոցիալական բնույթ:
Ըստ նրա`անցյալում են մնացել շատ բացասական երեւույթներ: «Այսօր նորահարս կինն իր մեջ չի կրում երկրորդական լինելու զգացողությունը, խեղճացած, փակ լինելը, կարծիք չունենալը, փոխարենը`կինը այսօր շատ հարգված է»,- ասաց նա:
Նալչաջյանի խոսքով, նահապետական ընտանիքների առավելությունն այն էր, որ եղել է դերային պարտականությունների հստակություն եւ մարդկանց կողմից դերերի ընկալում: «Եթե այդ դերերը չընդունվեին, մեծ խառնաշփոթ կլիներ 70 հոգանոց ընտանիքում: եթե դա չլիներ, ամենափոքր ընտանիքն անգամ չէր կարող գոյատեւել»,- ասել է նա:





























