ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան հայտարարել են համատեղ զորավարժությունները տեղափոխելու մասին: ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ այս քայլը Հյուսիսային Կորեայի նկատմամբ «բարի քայլի ակտ» է, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Ես դրա մեջ տեսնում եմ խաղաղության համար պայմաններ ստեղծելու, քաղաքական համաձայնությունների կնքմանը նպաստելու ուղղությամբ Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի բարեխիղճ ջանքերը, որոնք կբերեն Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը»,- ասել է նա:
Համատեղ հայտարարությունը կատարվել է Բագկոկում Ասիայի երկրների պաշտպանության նախարարների համաժողովում: Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Ճապոնիայի պաշտպանության նախարարը հանդես է եկել խիստ առարկություններով: «Հյուսիսային Կորեայի հանդեպ ոչ ոք չի կարող լավատեսություն դրասեւորել.,- հայտարարել է Տարո Կոնոն: - Հյուսիսային Կորեան այս տարի մի քանի արձակում է կատարել՝ թողարկելով ավելի քան 20 հրթիռ, ներառյալ բալիստիկ հրթիռների նոր տեսակները, որոնք արձակվում են սուզանավից»:
Հյուսիսային Կորեայի հատուկ հանձնարարությունների դեսպան Կվոն Չոն Գինը այս ամիս ավելի վաղ համատեղ զորավարժությունները որակել էր «սադրիչ եւ վտանգավոր արարք»: Նա հավելել էր, որ ԱՄՆ-ն «չկշռադատված խելահեղությամբ թաց ծածկոց է նետում Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության կայծի վրա, որը անհետացման եզրին է»:
2018 թվականի հունիսին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական գագաթնաժողովից հետո ԱՄՆ-ն դադարեցրել կամ նվազեցրել էր համատեղ զորավարժությունների ծավալները ապամիջուկայնացման շուրջ բանակցությունների մթնոլորտի բարելավման նպատակով:
ԱՄՆ եւ Հարավային Կորեայի առաջին համատեղ զորավարժություններն անցկացվել են 1955 թվականին՝ Կորեական պատերազմի ավարտից մի քանի ամիս անց, որից հետո անցկացվում են ամեն տարի՝ Հյուսիսային Կորեայից պաշտպանվելու համար մարտական պատրաստվածությունը պահպանելու համար:
Ներկայումս Հարավային Կորեայում է տեղակայված մոտ 28 500 ամերիկացի զինծառայող:





























