Ամբողջ աշխարհի կին ակտիվիստները 1981 թվականից նոյեմբերի 25-ին նշում են բռնության դեմ պայքարի օրը, գրում է Calend.ru-ն:

1999 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 25-ը հայտարարել է Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օր (International Day for the Elimination of Violence against Women) (54/134 բանաձեւ):

ՄԱԿ-ն առաջարկել է կառավարություններին, միջազգային եւ հասարակական կազմակերպություններին այդ օրն անցկացնել միջոցառումներ՝ ուղղված այդ խնդրի շուրջ հասարակության ուշադրությունը կենտրոնացնելուն:

Գլխավոր քարտուղարի ուղերձում նշվում է. «Կանանց նկատմամբ բռնությունը պատճառում է անասելի տանջանքներ եւ վիշտ ընտանիքներին, որի հետեւանքով տառապում են ե՛ւ տարեցները, ե՛ւ երիտասարդները, ե՛ւ համայնքը: Այն թույլ չի տալիս կանանց իրացնել իրենց պոտենցիալ հնարավորությունները, սահմանափակում է տնտեսական աճն ու վտանգում զարգացումը»:

Օրվա պատմական նախադրյալը 1960 թվականին Դոմինիկյան Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունն է, երբ երկրի բռնապետ Ռաֆայել Տրուխիլյոյի հրամանով գազանաբար սպանվում են քաղաքական ակտիվիստ Միրաբալ քույրերը:

Ճերմակ ժապավենը կանանց նկատմամբ բռնության ցանկացած տեսակի դեմ խորհրդանիշն է: Կանանց շուրջ 70%-ը տառապում է կենցաղային մակարդակով բռնությունից: