Ռուսաստանում արական սեռի ներկայացուցիչները 1,5 անգամ ավելի հաճախ են խոստովանում առողջարանային սիրավեպերի մասին, քան կանայք, ասվում է Maps.me քարտեզագրական սերվիսի հետազոտությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հետազոտությունը հիմնված է Ռունետի 18-ից բարձր տարիքի 2 հազար օգտատերերի տվյալների վրա, որոնք ուղեւորություններ են կատարել վերջին 12 ամիսների ընթացքում։

«Ծանոթությունը վերաճել է առողջարանային սիրավեպի 17 տոկոսի մոտ։ Միեւնույն ժամանակ, ռոմանտիկ արկածներն ուղեւորություններում միանման տարածված են բոլոր տարիքի մարդկանց շրջանում։ Իսկ ինչ վերաբերում է սեռին, ապա տղամարդիկ ավելի հաճույքով են խոստովանում. առողջարանային սիրավեպի մասին ասել է ուժեղ սեռի ներկայացուցիչների 21 տոկոսը, կանանց՝ 13 տոկոսը։ 6 տոկոսն ուղեւորության ժամանակ հանդիպել է իր երկրորդ կեսին, ընդ որում՝ 35 տարեկան մարդկանց շրջանում այդ թիվը մի քանի անգամ ավելի բարձր է, քան ավագ լսարաում»,- վկայում է հետազոտությունը։

Հարցվածների մոտ մեկ երրորդը (30 տոկոս) ճամփորդում է կես տարին մեկ անգամ, մեծ մասը (55 տոկոս) ուղեւորություն կատարում է տարին մեկ անգամ կամ ավելի հազվադեպ։ Հարցվողների ճնշող մեծամասնությունը (92 տոկոս) ուղեւորությունների ժամանակ ծանոթանում է նոր մարդկանց հետ. 42 տոկոսը դա անում է հաճախ, յուրաքանչյուր երկրորդը ծանոթանում է երբեմն, եւ միայն 8 տոկոսն է, որ երբեք չի ծանոթանում։ «Հրաժարման գլխավոր պատճառը սեփական ընկերախմբի առկայությունն է. հարցվողների 61 տոկոսը ճամփորդում է ոչ միայնակ եւ պարզապես նոր ընկերների կարիք չունի։ Հարցվածների մեկ երրորդը (31 տոկոս) նշել է, որ խուսափում է ծանոթություններից, երբ ուզում է մենակ մնալ, գրեթե նույնքան մարդ էլ (30 տոկոս) ամաչում է նոր ծանոթություններից ուղեւորությունների ժամանակ։ 6 տոկոսի համար պատնեշ է հանդիսանում լեզվական տարբերությունը»,- ասվում է փաստաթղթում։

Ավելի հաճախ մարդիկ ծանոթանում են հյուրանոցներում (46 տոկոս), էքսկուրսիաների ժամանակ (45 տոկոս), լողափին կամ ջրավազանում (39 տոկոս), բարերում եւ ռեստորաններում (36 տոկոս)։ Հյուրանոցներում ավելի հաճախ ծանոթանում են կանայք (50 տոկոս, տղամարդիկ՝ 42 տոկոս), իսկ բարերում եւ ռեստորաններում՝ տղամարդիկ (44 տոկոս, կանայք՝ 28 տոկոս)։ Կայքերում եւ հավելվածներում ծանոթություններն առայժմ ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում այնքան էլ տարածված չեն, ուղեւորությունների ժամանակ դրանք օգտագործում է յուրաքանչյուր տասներորդը (11 տոկոս)։

«Ծանոթությունների կեսը (53 տոկոս) շարունակություն չի ունենում. մարդիկ միասին ժամանակ են անցկացնում ուղեւորության ժամանակ, բայց հետո չեն շփվում։ Այնուամենայնիվ, հարցվողների 43 տոկոսին հաջողվել է ուղեկիցներ գտնել, իսկ 41 տոկոսին՝ լավ ընկերներ։ Մեկ երրորդը, ովքեր ծանոթացել են ուղեւորությունների ժամանակ (34 տոկոս), գտել են ընդհանուր մասնագիտական հետաքրքրություններ ունեցող մարդկանց»,- ցույց է տվել հետազոտությունը։