Յուրաքանչյուր առանձին վերցրած կետ ունակ է կապել ածխաթթու գազի հսկայական ծավալներ, այդ պատճառով ծովային այդ կաթնասունների թվի վերականգնումը կարող է ջերմոցային գազերից եւ դրանց հետ կապված գլոբալ տաքացումից Երկրի մթնոլորտի պաշտպանության էական գործոն լինել։ Կետերի բազմացումը վերականգնելու անհրաժեշտության մասին խոսել են Արժույթի միջազգային իմնադրամի կողմից ներկայացված զեկույցի հեղինակները, հայտնում է Planet- today-ը։
ԱՄՀ-ի փորձագետ Ռալֆ Չամին նշել է, որ եթե խոսենք մոլորակը գլոբալ տաքացման աղետից փրկելու մասին, ապա ամեն կետ հազար ծառ արժի։ Չամին եւ նրա գործընկերները դիմել են միջազգային հանրությանը՝ կոչ անելով վերականգնել կետերի թիվը՝ իրենց խոսքերը հիմնավորելով գիտական հետազոտություններով։
Գիտնականները պարզել են, որ օդից ածխաթթու գազը հանելու կետերի ունակությունը պարզապես անհավանական է։ Մեկ կետը (մոխրագույն, կապույտ, կուզիկ եւ այլն՝ առանց տարբերության) կարող է կապել մոտ տասներեք տոննա ածխաթթու գազ, այնուհետեւ դուրս բերել ջերմոցային գազի այդ ծավալը «շրջանառությունից»՝ մահվանից հետո անցնելով օվկիանոսի խորը հատակը։ CO2-ի դեմ ծառերի պայքարի արդյունավետությունը զգալիորեն ցածր է։
Մարդկությունը պետք է մտածի կետերի բազմացման մասին, ասում են զեկույցի հեղինակները՝ նշելով, որ այժմ երկրագնդի վրա մնացել է մոտ 1․3 մլն կետ, եւ այդ թիվը անհրաժեշտ է հասցնել գոնե 4-5 միլիոնի։ Համապատասխան նախաձեռնություններ իրականացնելու համար անհրաժեշտ է զգալի ֆինանսավորում։




























