Հայաստանի կառավարության կողմից հավանության արժանացած 2010թ. բյուջեն, որը տնտեսության 1,2 տոկոս աճ է կանխատեսում, իրատեսական է եւ հիմնված է լինելու այս տարվա իրողությունների վրա: Այդ մասին հայտարարել է Ազգային Ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որքան իրատեսական է կառավարության հավանության արժանաված բյուջեն:
Բյուջեն ԱԺ դատին է ներկայացվելու հոկտեմբերի 2-ին, եւ Գագիկ Մինասյանը չբացառեց, որ կառավարությունը կարող է փոփոխություններ կատարել այդ բյուջեի նախագծում, բայց նախագծում առկա կանխատեսումները, ըստ ԱԺ պատգամավորի՝ արդարացված են: «Ճգնաժամը մոտենում է իր տրամաբանական ավարտին, եւ շատ կանխատեսումներ կան, որ 4-րդ եռամսյակում ճգնաժամը չի խորանա»,- նշեց Մինասյանը եւ հավելեց. «Այս կանխատեսումները նաեւ արդարանում են այն տվյալներով, որ առկա են աշխարհի բորսաներում: Սա խոսում է այն մասին, որ ճգնաժամը հասել է իր առավելագույն կետին եւ ավելի վատ լինել չի կարող: Կլինի կայուն ընթացք, որից հետո եւ տնտեսական աճ կունենանք»:
Ի դեպ, Գագիկ Մինասյանը կանխատեսեց, որ 2009թ. վերջին ՀՆԱ-ի անկումը կկազմի 15 տոկոս:




























