Ճապոնիայում՝ «Ֆուկուսիմայի» վթարային շրջանում 4,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Եկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտակայքում, իսկ օջախը գտնվել է ծովի տակ՝ ավել քան 50 կմ խորության վրա։ Մասնագետների տվյալներով, ցունամիի վտանգ չկա։ Հայտնի չէ՝ ազդել են արդյոք ստորգետնյա ցնցումները կայանի վթարային աշխատանքների վրա, թե ոչ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ այսօր լրանում է Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մեկամսյակը։ Զոհերի թիվը գերազանցել էր 13 հազարը։ Ավելի քան 15 հազար մարդ անհետ կորած է համարվում։ Մարտի 11-ից ի վեր Ճապոնիայում 5 բալից բաձր ավելի քան 400 երկրաշարժ է տեղի ունեցել։
Ճապոնիայում տեղի ունեցած հզորագույն երկրաշարժից եւ դրան հետեւած ցունամիից հետո արդիական է դարձել աշխարհի բոլոր երկրներում կառուցված ատոմակայանների անվտանգության հարցը։
Գերմանիան դարձել է առաջին երկիրը, որը քայլեր է ձեռնարկել ատոմային նախագծերը դադարեցնելու ուղղությամբ։ Այդ երկիրը երեք ամսով կդադարեցնի մինչեւ 1980 թվականը կառուցված ատոմային էլեկտրակայանների աշխատանքը՝ դրանց հետագա շահագործման հնարավորությունները ստուգելու համար։
Իսկ ահա Թուրքիայի էներգետիկայի եւ բանական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ իր երկիրը հետեւություններ կանի Ճապոնիայում տեղի ունեցած միջուկային վթարից, սակայն չի հրաժարվի մինչեւ 2023-ը երեք ԱԷԿ-ներ կառուցելու իր պլաններից։
Հայկական ԱԷԿ-ը, որը տեղակայված է Երեւանից 30 կմ հարավ՝ Մեծամոր քաղաքում, միակն է տարածաշրջանում։ Նշենք, որ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը չի հրաժարվի ատոմային էներգետիկայից՝ նույնիսկ Ճապոնաիյում տեղի ունեցած իրադարձությունից հետո։





























