Կարմիր թիկնոցը, որ Քրիստոֆեր Ռիվը կրել է Սուպերմենի դերում, աճուրդում 193 000 դոլարով է վաճառվել, հայտնում է Americaru-ն։

Ռիվը, որ նկարահանվել է պղնձե մարդու մասին չորս ֆիլմերում, մահացել է 2004թ․, 52 տարեկան հասակում։ Թիկնոցը Julien աճուրդային տան «Սրբապատկերներ եւ կուռքեր․ Հոլիվուդ» անվանումով վաճառքի մասն էր կազմում։ Այս վաճառքը դարձավ նոր համաշխարհային ռեկորդ, որպես «աճուրդում վաճառված ամենաթանկարժեք սուպերհերոսային թիկնոց»։ Ռիվը նկարահանումների ժամանակ օգտագործել է 6 թիկնոց, սակայն վաճառվել է միայն մեկը։

Լոտի հետ միասին գնորդին է հանձնվել DC Comics-ի նախագահի երկտողը եւ այդ թիկնոցով Քրիստոֆեր Ռիվի լուսանկարի կրկնօրինակը։

Դերասանը 1995թ․ ընկել էր ձիուց եւ վնասել էր մեջքը։ Կյանքի մնացած մասը նա անցկացրել է հաշմանդամի սայլակում։ Նա ուսերից ներքեւ կաթվածահար էր, չէր կարողանում ինքնուրույն շնչել, իսկ խոսել կարողանում էր միայն հատուկ սարքի միջոցով։ Ռիվը մահացել է ինֆարկտից։ Մինչ այժմ նա համարվում է Սուպերմենի լավագույն կատարողը։