Ինդոնեզիայի իշխանությունները անվտանգության ծառայության մոտ 200 000 աշխատակիցների Սուրբ ծննդից առաջ կուղարկեն երկրի տարբեր քաղաքներ՝ հնարավոր ահաբեկչություններից պաշտպանելու համար, հայտնում է AFP-ը։

Հարավարեւելյան Ասիայի արշիպելագում, որտեղ 260 մլն մարդ է ապրում, զգալի թվով քրիստոնյաներ, հնդուիստներ, բուդդայականներ կան, որոնք հարձակման են ենթարկվում արմատական իսլամիստական խմբերի կողմից։

Իշխանությունները հայտարարել են, որ մոտ 192 000 ոստիկաններ եւ զինվորականներ կուղարկվեն երկրով մեկ Սուրբ ծննդի եւ Ամանորի տոնակատարությունները պաշտպանելու համար։

«Միայն Ջակարտայում 10 000 մարդ կտեղակայվի»,- հայտարարել է Ազգային ոստիկանության մամուլի քարտուղար Արգո Յուվոնոն։ «Ելնելով հետախուզության տվյալներից՝ կան պոտենցիալ վտանգներ, այդ պատճառով մենք կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկում, սակայն մենք նաեւ պատրաստ ենք ակտիվ գործողություններ կատարել»,- հավելել է նա։

Հոկտեմբերին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հրամայել էր ուժեղացնել անվտանգության միջոցառումներն այն բանից հետո, երբ ԻՊ-ի հետ կապված ահաբեկչական խմբավորման երկու գրոհայիններ փորձել էին սպանել անվտանգության նախարարին։

Անցյալ ամիս մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել էր Սումատրայի ոստիկանական բաժանմունքում՝ վնասվածքներ պատճառելով 6 խաղաղ բնակչի։

Հարյուրավոր կասկածյալներ ձերբակալվել էին այն հարձակումներից հետո, որոնք տեղի էին ունեցել ավելի քան մեկ տարի անց այն դեպքից, երբ ահաբեկիչ մահապարտների ընտանիքը Ինդոնեզիայի մեծությամբ երկրորդ քաղաք Սուրաբայայի եկեղեցում սպանել էր մեկ տասնյակից ավելի հավատացյալների։