Օլիմպիական խաղերի մանիֆեստի բնօրինակը վաճառքի կդրվի Նյու Յորքի աճուրդում։ Այն գնահատվում է 700 հազարից մինչեւ 1 միլոն դոլար, հայտնում է BBC-ն։

Օլիմպիական խաղերի մանիֆեստը 1892թ․ գրել է ֆրանսիացի արիստոկրատ Պիեռ Դե Կուբերտենը՝ հաստատելով, որ սպորտային ջանքերը կարող են օգուտ բերել մարդկանց եւ հասարակությանն ընդհանրապես։ 1894թ․ նա դարձել է Օլիմպիական միջազգային կոմիտեի համահիմնադիրը, իսկ 1896թ․ Աթենքում անցկացվել են առաջին ժամանակակից խաղերը։

Ձեռագիրը նախկինում երբեք չի ցուցադրվել հանրությանը, թեեւ բարձրորակ կրկնօրինակը ցուցադրվել է Կոպենհագենում 2009թ․ Օլիմպիական համաժողովի ժամանակ։

14 էջանոց ելույթում, որը գրված է ֆրանսերեն, Դե Կուբերտենը խոսում է այն մասին, որ սպորտով զբաղվելը այլեւս չպետք է սահմանափակվի ռազմական նախապատրաստությամբ։ Տեքստում կան նաեւ նշումներ, ջնջումներ եւ ուղղումներ։ Նա ելույթով հանդես է եկել Փարիզի Սորբոնի համալսարանում՝ Ֆրանսիայի Թեթեւ ատլետիկայի ասոցիացիայի հինգերորդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։