Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են վարորդական իրավունք ստանալ առանց «փսիխոյի» թուղթը ներկայացնելու։ Այդ հնարավորությունը նրանց ընձեռում է կառավարության ապրիլի 14-ին ընդունած որոշումը։
Թեեւ վարորդական իրավունքի տրամադրման գործընթացը հիմնովին թաղված է կոռուպցիայի մեջ, բժշկական տեղեկանքի տրամադրումն այդ կոռուպցիայի ամենացայտուն դրսեւորումներից է։ Նշենք, որ մինչ այսօր վարորդի թեկնածու համարվող անձը բժշկական հավատարմագրման տեղեկանք ստանալու համար պոլիկլինիկա էր ներկայացնում հոգեբուժական եւ նարկոլոգիական բժշկական հաստատություններից ստացած տեղեկանքները, որ հասարակության մեջ հայտնի են «պսիխո» անվամբ։ Դրա համար քաղաքացիները անօրինական ծախսեր էին կատարում մինչեւ 20 հազ. դրամի չափով, քանի որ յուրաքանչյուր տեղեկանք առանձին վերցրած գումար արժե։ Սակայն չկա որեւէ իրավական փաստաթուղթ, որով բուժհիմնարկները իրավասու լինեն քաղաքացիներից գումար վերցնել տեղեկանք տրամադրելու համար։ Այսինքն՝ բոլոր այդ 5 կամ 10 հազար դրամները հանդիսացել են անօրինական վճարներ։
Նոր կարգով՝ բոլոր տեղեկությունները բժշկական հաստատություններից անմիջապես կտրամադրվեն ոստիկանությանը, հետեւաբար՝ ոստիկանությունը կարիք չունի առանձին տեղեկանքներ պահանջելու։ Ըստ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՝ միայն այն դեպքում, երբ ճանապարհային տեսուչը նկատի, որ վարորդը ակնհայտ ֆիզիկական կամ հոգեբանական շեղումներ ունի, կարող է պահանջել լրացուցիչ հետազոտություն։
Վարորդական իրավունքի վկայական ստանալու հաջորդ փուլը ավտոդպրոցներում ուսուցումն է։ Այսուհետ՝ վերացվում է պարտադիր ավտոդպրոց հաճախելու կարգը։ Քաղաքացիներն իրենք պետք է որոշեն՝ ցանկանո՞ւմ են օգտվել այդ հաստատությունների ծառայություններից, թե` ոչ։ Այստեղ էլ ոստիկանապետը կոռուպցիոն ռիսկեր մատնանշեց, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասելով, թե շատ հաճախ ավտոդպրոցները ֆիկտիվ տեղեկանքներ են տրամադրում։
Ստեղծվել է այնպիսի համակարգ, երբ ավտոդպրոցների աշխատակիցները համաձայնության մեջ են որակավորման քննություններ ընդունող եւ վարորդական վկայականներ տվող ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների աշխատակիցների հետ: Արդյունքում՝ քաղաքացին, վճարելով որոշակի գումար (150-250 հազար դրամ), կարող է պարզապես չհաճախել դասընթացներին, հետո էլ` քննական հանձնաժողովում հանձնել տեսական ու գործնական քննություններ եւ ստանալ վարորդական իրավունք:
Տարբեր գնահատականներով՝ վարորդական իրավունք ստանալու համար Հայաստանի քաղաքացիները ծախսում են միջինը 140-175 հազար դրամ, որից օրինական վճարումներն ընդամենը 35-45 հազարն են (հաշվի առած ավտոդպրոցի վճարը):
Այսպիսով՝ ավտոդպրոցներում ուսուցումը դարձնելով կամավոր, կառավարությունը կտրում է կոռուպցիոն շղթայի օղակներից մեկը:
Մյուս նորարարությունը վերաբերում է քննությանը։ Քաղաքացին իրավունք կստանա քննություն հանձնել վկայի ներկայությամբ, իսկ այսպես կոչված՝ «շաբլոնի» քննությունը ամբողջությամբ տեսագրվելու եւ ցուցադրվելու է՝ թափանցիկության ապահովման նպատակով։ Այս նորամուծությունը նույնպես Ա. Սարգսյանի շուրթերից է հնչել։
Նշենք, որ որոշ քննական հանձնաժողովներ դրական գնահատականի դեպքում քաղաքացուց 30-40 հազ. դրամ մուծում են պահանջում։ Դա լրիվ անօրինական պահանջ է։ Օրինական են միայն հետեւյալ վճարները՝ քննության համար պետտուրք՝ 3 հազար դրամ, ՃՈ արտաբյուջե ծառայության վճար՝ 10 հազար դրամ, վարորդական իրավունքի վկայականի պետտուրք՝ 12 հազար դրամ։ Մեր քաղաքացիները հստակ պետք է իմանան՝ մյուս բոլոր վճարներն անօրինական են։
Կարո՞ղ են արդյոք այս փոփոխություններն իսպառ վերացնել կոռուպցիան վարորդական իրավունքի տրամադրման գործընթացում։ Փոփոխություններն իրոք արմատական են, իսկ կարգերը՝ առավելագույնս պարզեցված։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ համոզված է, որ ոստիկանությունն ի վիճակի է իսպառ վերացնել կոռուպցիան այս ոլորտում, ինչպես դա արեց անձնագրերի տրամադրման հետ կապված, որտեղ իրոք դրական փոփոխություններն ակնհայտ են։
Սակայն չմոռանանք, որ վարորդական իրավունքի վկայականի շուրջ կոռուպցիան բավական մեծ մասշտաբներ ունի։ 2009 թ. տվյալով՝ 53 հազ. վարորդական վկայական է տրվել։ Եթե յուրաքանչյուր վկայականի համար կոռուպցիոն գումարը ընդունենք թեկուզ 200 դոլարի չափով՝ ապա ստվերային շրջանառությունը կազմում է ավելի քան 10 մլն դոլար։
Սամվել Ավագյան





























