Մոսկվան կհամակարգվի պաղեստինյան եւ իսրայելական գործընկերների հետ՝ կապված պաղեստինա-իսրայելական կարգավորման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «դարի գործարքի» շուրջ իրավիճակի հետ, Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է «դարի գործարքի» մշակման արդյունքների՝ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ համաձայնագրի նախագծի մասին, որը պետք է վերջ դնի հակամարտությանը տարածաշրջանում։ Պլանը նախատեսում է Պաղեստին պետության ստեղծում եւ դրա ապառազմականացում, ընդ որում Իսրայելը կպահպանի Հորդանան գետի արեւելքի վերահսկողությունը, իսկ Երուսաղեմը կմնա նրա անքակտելի մայրաքաղաքը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ գործարքը որպես Պաղեստինի մայրաքաղաք է նախատեսում Երուսաղեմի արեւելյան ծայրամասում գտնվող Աբու Դիսը, որը քաղաքի սահմաններից դուրս է։
Զախարովան ընդգծել է, որ իրավիճակի կարգավորման հարցերում որոշիչ խոսքը պետք է պատկանի պաղեստինցիներին եւ իսրայելցիներին։
«Մենք հաստատում ենք հետագա կառուցողական աշխատանքի մեր պատրաստակամությունը՝ կոլեկտիվ ջանքերի շրջանակներում, որոնք ուղղված կլինեն արաբա-իսրայելական հուսալի համալիր կարգավորմանը։ Նաեւ տրամադրված ենք պաղեստինյան եւ իսրայելական գործընկերների հետ գործողությունների համակարգմանը, այդ թվում, անկասկած, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի պետությունների, միջազգային միջնորդների մերձավորարեւելյան քառյակի, Մերձավոր Արեւելքում ամուր խաղաղության շուտափույթ հաստատման մեջ շահագրգիռ բոլոր կողմերի հետ»,- ասել է Զախարովան։
«Ես կուզեի հիշեցնել, որ բոլոր խնդիրները, որոնք կապված են այս թեմայի հետ, որին նվիրված է փաստաթուղթը, արտացոլված են հայտնի միջազգային-իրավական բազայում, որը ներառում է ՄԱԿ ԳԱ-ի, ԱԽ-ի բանաձեւերը, Մադրիդյան սկզբունքները, արաբական խաղաղ նախաձեռնությունը»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը մերժել է նոր պլանը՝ հայտարարելով, որ պաղեստինցիները պնդում են իրենց պետության 1967թ․ սահմաններով եւ Երուսաղեմ մայրաքաղաքով ճանաչումը։
Արաբական պետությունների լիգայի խորհուրդը «դարի գործարքը» քննարկելու համար արտգործնախարարների մակարդակով շաբաթ օրը արտակարգ նիստ կանցկացնի։ Ընդ որում, կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Գեյթը արդեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի պլանի հետ առաջին ծանոթությունը մատնացույց է անում պաղեստինցիների իրավունքների խախտումն իրենց իսկ հողում։





























