Կռունկի համաշխարհային տարին, որի շրջանակում Ռուսաստանի, Մոնղոլիայի եւ Չինաստանի գիտնականները միջոցառումներ են անցկացնելու այս թռչունների հետազոտության եւ պահպանության վերաբերյալ, մեկնարկում է հունվարի 31-ին, լրագրողներին ասել է Ռուսաստանի WWF ամուրյան մասնաճյուղի տնօրեն Պյոտր Օսիպովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս տարին հայտարարվել է Կռունկի համաշխարհային տարի: WWF-ն միացել է այս մեծածավալ ակցիային, որը հայտարարել են Կռունկների պահպանության միջազգային հիմնադրամը եւ Եվրասիայի կռունկների հարցերով աշխատանքային խումբը: Ռուսաստանի Թռչունների պահպանության միությունը կռունկն ընտրել է Ռուսաստանում 2020 թվականի թռչուն: Ամուրի ավազանը աշխարհի ամենա«կռունկային» տարածքն է. այստեղ հանդիպում է մոլորակում բնակվող կռունկների 15 տեսակից 6-ը:

«Այսօր մեկնարկում է Կռունկի համաշխարհային տարին: Մենք այս տարի նախատեսում ենք միջոցառումների շարք, որոնք ուղղված են լինելու բնակության վայրերի պահպանմանը, թռչունների հետազոտությանը եւ էկոլուսաբանմանը: Կարեւոր է, որ դրան մասնակցում է ոչ միայն Ռուսաստանի WWF-ն, այլ նաեւ «կռունկային» հիմնադրամը, գիտնականների խումբ, որոնք կռունկներին ուսումնասիրում են ամբողջ աշխարհում, մեզ են միացել նաեւ Չինաստանի WWF-ն եւ Մոնղոլիայի WWF-ն»,- ասել է Օսիպովը՝ հավելելով, որ միջոցառումները մեկնարկում են փետրվարի 2-ին:

Նա նշել է, որ WWF գործընկերն է լինելու Դաուրի միջազգային արգելոցը. քանի որ այն կազմված է 3 մասից՝ ռուսական, մոնղոլական եւ չինական, այդ ամբողջ տարածքում կռունկների հաշվառումն անցկացվելու է միասնական մեթոդով: Այս տարվա նախաշեմին արդեն սկսվել է մասնագետների փոխանակումը:

WWF ամուրյան մասնաճյուղի տվյալներով՝ հիմնադրամի հետ միասին Կռունկի տարվան ընդամենը մասնակցում է 24 արգելոց եւ ազգային պարկ, բնության պահպանության 6 դրուժինա եւ ամուրյան էկոտարածքի 22 հասարակական կազմակերպություն: