Արխանգելսկում դատում են տղամարդուն, որը սպանել է երեք մարդու եւ կերել նրանց: Տղամարդկանց երկար ժամանակ չեն որոնել, նրանցից երկուսը չունեին բարեկամներ, իսկ մեկի մասին Արխանգելսկի բնակիչները պատմել են, որ նա մեկնել է աշխատելու այլ բնակավայր, հաղորդում է RG-ը: Երդվյալ ատենակալներն են քննել գործն ու վճռել, որ տղամարդը մեղավոր է: Առաջիկայում դատարանը կներկայացնի նրա դատավճիռը:

Մեղադրյալը 51 տարեկան է: Ավելի վաղ նա բազմիցս դատապարտվել է, այդ թվում՝ երկու սպանության համար, իսկ ազատ է արձակվել մի քանի տարի առաջ:

Նրա զոհերը Արխանգելսկի չշփվող բնակիչներն էին: Մեղադրյալը ոգելից խմիչք էր օգտագործում տղամարդկանց հետ, այնուհետեւ սպանում նրանց, մասնատում եւ մարմնի առանձին մասերն օգտագործում կերակրատեսակների մեջ: Մարմնի մնացած մասերը նա նետում էր Վոլոխնիցա գետն ու Բուտիգինո լիճը: Սպանությունները կատարվել են 2016 եւ 2017 թվականներին:

Հանցագործն առհասարակ բնակություն էր հաստատել սպանված տղամարդկանցից մեկի տանը: Տղամարդն ուներ ծնողներ, եւ նրանք հետաքրքրվել էին, թե ինչ է անծանոթն անում իրենց որդու բնակարանում: Տղամարդը հայտարարել էր, որ վարձել է տունը, իսկ տան տերը մեկնել է աշխատելու այլ քաղաք:

Այդուհանդերձ, ծնողները դիմել էին ոստիկանություն: Մյուս զոհերին ոչ ոք այդպես էլ չէր փնտրել. նրանք բարեկամներ չէին ունեցել:

Մինչդեռ ջրամբարներում հայտնաբերվել են զոհերի մարմնի մասերը, ինչպես նաեւ կատուների, շների, աղավնիների ոսկորներ, որոնք նույնականացվել են մի շարք փորձաքննությունների արդյունքում: Այդ կենդանիներին նույնպես հանցագործն օգտագործել է սննդի մեջ:

Ընդ որում՝ փորձաքննությունը հաստատել է, որ տղամարդը հրաշալի գիտակցել է՝ ինչ է արել:

Երդվյալ ատենակալները համարել են, որ նա արժանի չէ որեւէ զիջողամտության: