Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ կատակել է բելառուսական բռնապետության մասին. ըստ նրա` այն առանձնանում է նրանով, որ պետության ղեկավարն աշխատում է հանգստյան օրերին, մինչդեռ մյուս քաղաքացիները հանգստանում են, հայտնում է РИА Новости-ին:

«Մեր դիկտատուրան տարբերվում է նրանով, որ շաբաթ և կիրակի օրերին բոլորը հանգստանում են, իսկ նախագահն աշխատում է»,- շաբաթ օրը Անկախության պալատում Պոմպեոյին ողջունելիս ասել է Լուկաշենկոն:

Վերջին շրջանում Բելառուսի և Արևմուտքի հարաբերությունները բարելավվել են Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման գործում Մինսկի դերի ֆոնին: Ակտիվացել են նաև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Բելառուս: Սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլը այցելել էր Մինսկ և բանակցություններ վարել Բելառուսի նախագահի և արտգործնախարարի հետ: Դրանց արդյունքներով, Հեյլը հայտարարեց Վաշինգտոնի և Մինսկի կողմից դեսպանների փոխադարձ վերադարձին նախապատրաստվելու մասին: Նրա խոսքով` Վաշինգտոնը պատրաստ է նաև քննարկել Մինսկի դեմ պատժամիջոցները մեղմելու հետագա քայլերը, սակայն ընդգծել է հանրապետությունում ժողովրդավարության ոլորտում առաջընթացի կարևորությունը: