Վենետիկի կղզիները մեկուսացվել են հինգ ժամով Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած եւ չպայթած ռումբի պատճառով, որը հայտնաբերել են ափի մերձակայքում: Մոտակա շրջանների բնակիչները տարհանվել են, մի քանի ժամվա ընթացքում Վենետիկ հնարավոր է հասնել միայն ծովային ճանապարհով, հաղորդում է 360 հեռուստաալիքը:

Ռումբը հայտնաբերվել է վենետիկի Մարգերա արդյունաբերական շրջանի ափերի մոտ: Մասնագետների գնահատմամբ՝ դրա քաշը կազմում է շուրջ 227 կիլոգրամ, եւ այն ունի պայթելու պոտենցիալ:

Ծովում ռումբը հայտնաբերվել էր մի քանի շաբաթ առաջ, եւ մինչ այժմ Իտալիայի հատուկ ծառայությունները նախապատրաստում էին գործողությունը, որը ստացել է «Ռումբի օրը» անունը: Դրանում ներգրավված են ոչ միայն հատուկ ծառայությունները, այլ նաեւ 160 կամավորներ, հաղորդվում է քաղաքի կայքում:

Հատուկ գործողությունների հետեւանքով քաղաքում զգալիորեն փոփոխվել է տրանսպորտային հաղորդակցումը: Փակ է Պոնտե դելա Լիբերտան կամ Ազատության կամուրջը, որը միավորում է կղզիները ցամաքի հետ: Այդ պատճառով մինչեւ տեղական ժամանակով 12:30-ը քաղաքի այդ պատմական մասը հնարավոր չէ մուտք գործել ո՛չ ավտոմեքենայով, ո՛չ ավտոբուսով, ո՛չ գնացքով: Բացի այդ, 08:30-ից 12:30-ը Վենետիկում վայրէջք եւ թռիչք չեն կատարի ինքնաթիռները: Այն ուղեւորները, որոնք արդեն ժամանել են, հյուրանոցներ կհասնեն ջրային տաքսիի միջոցով:

Բացի այդ, մոտակա շրջաններից տարհանվել է շուրջ 3.5 հազար մարդ: Նրանց կթույլատրվի վերադառնալ տուն միայն գործողության ավարտից հետո: